Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիական մեծ հեղափոխությանն անդրադարձող բալետը նվիրվում է ահաբեկչության զոհերին

11.18.2015

Վաղը՝ նոյեմբերի 19-ին կայանալիք իր 71-րդ թատերաշրջանի պրեմիերան Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնը նվիրել է Արաբական թերակղզու երկնքում պայթեցված ռուսական A321 ուղևորատար ինքնաթիռի և Փարիզի ահաբեկչության զոհերին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունն է փոխանցում «taglur.am»-ը:

Նշենք, որ ֆրանսիական մեծ հեղափոխությանն անդրադարձող բալետը ժամանակին այս նույն թատրոնում բեմականացրել է հայտնի խորեոգրաֆ Վասիլի Վայնոնը՝ ըստ կոմպոզիտոր Բորիս Ասաֆևի երաժշտության:

Փաստորեն ընթացիկ թատերաշրջանի համար պրեմերայի նշանակություն ձեռք բերած ներկայացումը 44 տարի առաջ բեմականացվածի վերածնունդն է, որն իրականացվում է Միխայիլ Մեսսերերի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ A321 ուղևորատար ինքնաթիռի կործանումը սովետական և ռուսական ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է: Այն տեղի է ունեցել 2015թ.-ի հոկտեմբերի 31-ին: Այդ ինքնաթիռը Շարմ-էշ-Շեյխի օդանավակայանից թռչում էր Սանկտ-Պետերբուրգ: Ինքնաթիռում էին 217 ուղևոր և անձնակազմի 8 անդամները:

Իսկ Փարիզում ահաբեկիչները նոյեմբերի 13-ին իրենց գործողությունները ծավալել էին մի քանի հասարակական վայրերում, որը, ընդհանուր առմամբ, խլեց 129 անմեղ զոհի կյանք և մոտ 300-ին պատճառեց մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
    Դիտվել է 795 անգամ