Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիմք է դրվել բեմադրիչների միջազգային ցանցի ստեղծման գործընթացին

12.14.2015


Դեկտեմբերի 4-7-ին Թատրոնի Միջազգային Ինստիտուտի (ԹՄԻ) նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում տարբեր երկրներից հավաքված թատերական գործիչների հանդիպման ժամանակ հիմք է դրվել բեմադրիչների միջազգային ցանցի ստեղծման գործընթացին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) պաշտոնական կայքին:

Թատրոնին առնչվող բազմաթիվ հրատապ հարցերի լուծման կողքին նախաձեռնության հեղինակները նշել են, որ բեմադրիչների փորձի փոխանակման խնդիրը միջազգային կազմակերպական կառույցի միջոցով իրականացնելը և այդ նպատակով ընդհանուր հարթակի ստեղծումն արդեն անհրաժեշտություն է: Քննարկումների մասնակիցները միակամ են եղել, որ դա առավել արդյունավետ կդարձնի տարբեր երկրների միջև թատրոնի ոլորտում համագործակցությունը, բեմադրիչների միջազգային փոխանակման աշխատանքները և դրանց արդյունքները:

Շանհայի եռօրյա քննարկումներին մասնակցել են ԹՄԻ-ի տնօրեն Թոբիաս Բիանկոնեն (Շվեյցարիա), ԹՄԻ-ի Դրամատիկ թատրոնի կոմիտեի նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, կոմիտեի անդամ, բեմադրիչներ՝ Ֆաբիո Տոլլեդին, Ջորջո Զորցուն (Իտալիա), Վու Չիաոջինգը և Վանգ Չաոինգը (Չինաստան):

Նշենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտը կատարողական արվեստների ամենամեծ կազմակերպությունն է և աշխարհում ունի հարյուրից ավելի կենտրոն:
    Դիտվել է 992 անգամ