Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին կմարմնավորի Ապուշի դասական կերպարը

12.16.2015

Այսօր անսովոր բեմական տարբերակով կներկայացվի Դոստոևսկու «Ապուշը» վեպի գլխավոր հերոս իշխան Միշկինը Մոսկվայի Ազգությունների պետական թատրոնում: Հայտնի վեպի այս երեկո ցուցադրվելիք ներկայացման մեջ տղամարդու գլխավոր կերպարը վստահվել է կին դերակատարի՝ հայտնի դերասանուհի Ինգիբորա Դապկունայտեին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Այս թատերակշրջանում Ազգությունների թատրոնը շարունակում է աշխատել երիտասարդ ռեժիսորների հետ՝ նրանց նոր ստեղծագործական նախագծերի համար տրամադրելով Փոքր բեմը: Փորձ անողներից մեկը դարձավ Մաքսիմ Դիդենկոն» ասել են թատրոնի մամլո ծառայությունում:

Նշենք, որ երիտասարդ ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն մինչ այս Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց ստուդիայում բեմադրել է «Կոնարմիայա» («Հեծյալ բանակ»), իսկ Գոգոլ-կենտրոնում «Խարմս: Միր» ներկայացումները:

Դոստոևսկու վեպի բեմական ձևաչափը թեև ներառում է 20 կերպար, բայց Դիդենկոյի ներկայացման մեջ զբաղված կլինեն միայն 5 դերասան, որոնց թվում նաև Ինգիբորա Դապկունայտեն: Մամլո ծառայությունում մի փոքր բացելով փակագծերը նաև նշել են, որ ռեժիսորն իր առջև խնդիր է դրել հայտնի վեպը ներկայացնել «սև» կլոունադայի գեղագիտությամբ:

«Մեր աշխարհում շատ բաների հետ կորել է նաև մշակութային երկու բան՝ կլոունադան և Դոստոևսկուն որպես կենդանի հումորով մարդու ըմբռնումը»,- ասել է երիտասարդ ռեժիսորը:

Ավելացնենք, որ այս նոր փորձարարական բեմադրության բոլոր գործողությունները տեղի են ունենում բարդ մեդիաինստալացիաների միջավայրում, որոնց հեղինակն ինժեներային թատրոնի («АХЕ») նկարիչ Պավել Սեմչենկոն է:
    Դիտվել է 962 անգամ