Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես են ազնիվ մարդիկ գտնում բարեկամության և սիրո միջև առաջացած կոնֆլիկտների լուծումները

12.18.2015

«Սնկտ-Պեոտերբուրգ օպերա» թատրոնում շուտով հանդիսատեսներին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերան, որը համարվում է դեպի մեծ կոմպոզիտորի ամենանշանավոր ստեղծագործությանը՝ «Կարմենին» տանող աստիճան: Ի տարբերություն տարածված այդ կարծիքին, պետերբուրգցի ռեժիսոր Յուրի Ալեքսանդրովը գտնում է, որ «Մարգարիտ որոնողները», այնուամենայնիվ, իր սեփական ճակատագիրն ունեցող ստեղծագործություն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ինչպես հաճախ է լինում դասական նյութի հետ, որպեսզի հանդիսատեսը և բեմադրողները հասնեն այս գործին, պետք է անցնեն որոշակի հասունացման շրջան: Եվ հանրության մեջ երբեմնի համարում ունեցած կամ կիսամոռացված օպերայի հիթերը հանկարծ դառնում են գերժամանակակից ճանաչված գործեր: Պատահական չի, որ արևմուտքում այսօր «Մարգարիտ որոնողները» օպերայից համընդհանուր ճանաչման հասած որոշ արիաներ և դուետներ լայնորեն կիրառում են որոշ կինոռեժիսորներ կամ կատարվում են ամենատարբեր ուղղություն ներկայացնող երգիչների կողմից:

«Մեր համար սա շատ բարդ նյութ է մի քանի պատճառով,-ասում է Յուրի Ալեքսանդրովը:- Նախ, ֆրանսերեն լեզուն (օպերան բեմադրվում է բնօրինակ լեզվով): Այն իտալերեն չի: Բոլորովին այլ երանգավորում է, արտասանություն: Այդ ամենը երիտասարդ կատարողներին շատ մեծ դժվարությամբ է տրվում: Երկրորդ, այստեղ հիմքում վառ արևելականությունն (օրիենտալությունն) է, որը Եվրոպայում շատ մեծ տարածում ուներ նախանցած դարում: Ինչ-որ մի անորոշ «արևելք» ( ոչ այն է Հնդկաստան, ոչ Օվկիանիա, ոչ Չինաստան):

Փոխադրել այդ հեքիաթային արևելքն այսօրվա բեմ այնպես, որպեսզի լինի և համոզիչ, և հանդիսատեսի համար հետաքրքիր, դժվար խնդիր է: Երրորդ, հենց թեման. «Մարգարիտ որոնողներում» վատ մարդ չկա: Այստեղ ընդամենը 4 կերպարներ են, որոնք, բոլորն էլ, ըստ էության, հիանալ մարդիկ են՝ սիրող, ազնիվ, նվիրված, գեղեցիկ: Պետք է ասել, որ սա հազվադեպ հանդիպող դեպք է օպերային լիբրետոներում: Սովորաբար այնտեղ պարտադիր լինում են ինչ-որ անհույս չարագործներ, որոնց հետ պայքարում էլ ծնվում են ուժեղ կրքեր, հետաքրքրաշարժ անցումներ: Ոչ մի նման բան «Մարգարիտ որոնողներում» չկա:

Դրա փոխարեն կա պատմություն այն մասին, թե ինչպես են ազնիվ մարդիկ գտնում բարեկամության և սիրո, զգացմունքի և պարտքի, իր և մերձավորների նկատմամբ հավատարմության միջև առաջացած կոնֆլիկտների լուծումները: Այդ ամենը նրբացնելը արտակարգ բարդ է: Ընդհանրապես բեմում լավ մարդկանց խաղալը չարագործներից շատ ավելի դժվար է»,- ասում է ռեժիսորը:

Ալեքսանդրովը նշում է, որ լիբրետտոյի հեղինակները՝ Էժեն Կորմոնը և Միշել Կարեն իրենց ստեղծագործությունը եզրափակում են «բաց ավարտով»: Ինչպես հետագայում նրանք էլ են խոստովանել, իրենք առանձնակի չեն ձգտել լիբրետոն առավել մանրակրկիտ մշակել: Ըստ Ալեքսանդրովի դրա պատճառը կոմպոզիտորի իրական մասշտաբը ժամանակին ճիշտ չգնահատելու հետևանքն է: Սակայն նա միաժամանակ նշում է, որ այդ «անավարտությունը» շատ գրավիչ է բեմադրիչների համար, քանի որ դա տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս:

Ավելացնենք, որ Ալեքսանդրովի բեմադրությունն ավարտվում է շատ անսպասելի: Հերոսները վառվում են կրակի մեջ:
Օպերայի նվագախումբը ղեկավարում է դիրիժոր Մաքսիմ Վոլկովը:
    Դիտվել է 905 անգամ