Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2016թ.-ին ՀԹԳՄ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել մարզային թատրոնների խնդիրները

12.26.2015

Հայաստանի թատերական գործիչների մության նախագահ Հակոբ Ղազանչյանը 2015 թ.-ն ոլորտի համար որակել է որպես իրադարձություններով ու ձեռքբերումներով լի տարի:

Նրա ասելով տարվա գլխավոր միջոցառումը «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն է եղել, որը յուրաքանչյուր տարի, ավանդաբար, անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:

ՀԹԳՄ նախագահի գնահատմամբ անցնող տարում զգալի աշխատանք է կատարվել ոչ միայն Երևանի թատերական կյանքն ավելի աշխույժ և ստեղծագործական հարթություն տեղափոխելու ուղղությամբ: Ըստ նրա, հատկապես զգալի են եղել մայրաքաղաքից հեռու, հանրապետության տարածաշրջանների բնակչության և թատրոնի միջև կապերը թարմացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ ներդրված ջանքերը:

Այդ տեսանկյունից Ղազանչյանը կարևորել է, օրինակ, Աբովյանում՝ քաղաքի տոնին նվիրված թատերական փառատոնը:

Կոտայքի մարզկենտրոնի քաղաքային իշխանության հետ համատեղ անցկացված այդ միջոցառման շրջանակներում հանդես են եկել Երևանի մի շարք առաջատար թատերական կոլեկտիվներ և, անշուշտ, Աբովյանի քաղաքային թատրոնը: Մշակույթի այս ոլորտին, և հատկապես մայրաքաղաքայիններին, բավականին կարոտած և փառատոնին ակտիվորեն մասնակցած աբովյանցի հանդիսատեսներին է ներկայացվել 11 բեմադրություն:

Նա նշել է, որ ՀԹԳՄ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել մարզային թատրոնների խնդիրները և, որպես բարի նորություն, նաև տեղեկացրել է, որ 2016-ին ավարտին է հասցվելու Գավառի թատրոնի նոր շենքի շինարարությունը: Բացի այդ, ծրագրվում է Գավառում դերասանական կուրս բացել, ինչի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել:

Տարածաշրջաններում իրականացված աշխատանքներից Հակոբ Ղազանչյանը առանձնացրել է նաև Սյունիքի մարզում, անցկացված երկու թատերական միջոցառումները, որոնց, ի դեպ, մասնակցել են նաև հանրապետության անվանի բազմաթիվ թատերական գործիչներ:

Նախ, հոկտեմբերի 30-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնում հանդիպում է կազմակերպվել ստեղծագործական կազմի և մի խումբ հանդիսականների հետ, իսկ հոկտեմբերի 31-ին մեծ շուքով նշվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80 ամյակը: Ի դեպ, այս թատրոնի 2015թ.-ի գլխավոր ձեռքբերումը Ղազանչյանի գնահատմամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին կից դերասանական կուրսի բացումն է, որը ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը:

«Հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այդ թատրոնի դերասաններ են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա և թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել ու աշխատել»,- ասել է ՀԹԳՄ նախագահը:

Տարեկան աշխատանքների ամփոփման մեջ Հակոբ Ղազանչյանն անդրադարձել է նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի հետ ունեցած ավանդական սերտ կապերին:

Նրա ասելով ՀԹԳՄ-ն պարբերաբար պատվիրակություններ է գործուղում հայ թատերական մշակույթի այդ ուրույն հաստատություն: Օրինակ, Նոյեմբերի 9-ին կայացած այցի ժամանակ հայաստանցիները դիտել են Շոթա Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում վրացահայ թատերախմբի պատրաստած «Սովորական պատմություն» ներկայացման պրեմիերան:

Նա նշել է, որ բեմադրության ավարտին հանդիսատեսը երկար ժամանակ բաց չի թողել ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստն, ըստ Ղազանչյանի, ցույց է տալիս, «արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը»:

ՀԹԳՄ նախագահի գնահատմամբ թատերախմբի անօթևան մնալը բացարձակապես չի ազդել նրա ստեղծագործական որակի վրա: Բայց և այնպես նա տեղեկացրել է, որ այս փառապանծ թատրոնն, ըստ ամենայնի, 2016 թ.-ին հնարավորություն կստանա վերադառնալ այսօր դեռ վերանորոգման ընթացքի մեջ գտնվող իր շենք:

Հակոբ Ղազանչյանը անդրադարձել է նաև նոյեմբերի 19-26-ին Մինսկում կայացած ԱՊՀ եւ Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով:
    Դիտվել է 1056 անգամ