Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրել է, որպեսզի հասկանա, թե ինչու է իրեն այդ թեման գրավում

01.20.2016

Այսօր Մոսկվայում մեկնարկում է մեր օրերի լավագույն խորեոգրաֆներից մեկի՝ Ջոն Նոյմայերի ղեկավարությամբ գործող Համբուրգի բալետի հայտնի թատերախումբի հյուրախաղերը: Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմում գերմանացի արտիստները կցուցադրեն Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» թատերախաղի մոտիվներով բեմականացված բալետը, որը սրանից շուրջ քառորդ դար առաջ Նոյմայերը ստեղծել է կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիդկեի՝ հատուկ այդ նպատակով գրված երաժշտության հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Իբսենի պիեսը իմ ենթագիտակցության մեջ աշխատել է շատ վաղուց: Երբ ես սովորում էի համալսարանի առաջին կուրսում և պարի հետ միասին ուսումնասիրում էի թատերական հագուստի դիզայն, ես առաջին անգամ ընդհուպ մոտեցա «Պեր...»-ին: Դժվար է բացատրել, թե ինչու է ինձ «Պեր Գյունտն» այդքան հուզում: Որպեսզի պատասխանեմ այդ հարցին, պետք է բեմադրել բալետը և հասկանալ, թե ինչ է այն իմ համար նշանակում և ինչու է այդ թեման ինձ այդքան գրավում: «Պեր Գյունտ»-ը առեղծվածային պիես է, այն կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից»,- ասել է Նոյմայերը:

Համբուրգյան թատերախումբը Մոսկվա է բերել բալետի նոր տարբերակը, որի պրեմիերան կայացել է 2015թ.-ի հունիսի 28-ին:

Ջոն Նոյմայերը 20-րդ դարի վերջի նոր բալետային ուղղության, այսպես կոչված «փիլիսոփայական բալետի» ստեղծողներից մեկն է: Նա 1963 թ.-ին հրավիրվել է Շտուտգարդի բալետի խումբ, որտեղ լինելով մենապարող, միաժամանակ, սկսել է աշխատել որպես բալետմայստեր: Այնուհետև նա տեղափոխվել է Ֆրակնկֆուրտ, որպես բալետի գլխավոր բալետմայստեր: 1973թ.-ից ստանձնել է Համբուրգի բալետի խմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ինչն էլ հաջողությամբ շարունակում է մինչև այսօր:

Նոյմայերի բեմադրությունները ընթանում են աշխարհի բազմաթիվ առաջատար թատրոններում՝ Փարիզի օպերայում, Բալետի ամերիկյան թատրոնում, Լոնդոնի արքայական բալետի բեմում, Մոսկվայի Մեծ և Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում և այլուր:
    Դիտվել է 976 անգամ