Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի նոր օդափոխության համակարգը հնարավորություն է տալիս զգալ գլխավերևով թռչող առարկան

01.21.2016


Այսօր Մոսկվայի Բուլգակովի թատրոնում կկայանա Վլադիմիր Ժելեզնիկովի պատմվածքի հիման վրա ստեղծված «Խրտվիլակը» ներկայացման պրեմիերան: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս ներկայացումը նախ և առաջ յուրահատուկ է այնքանով, որ առաջին հերթին հասցեագրված է չտեսնող հանդիսատեսներին:

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Յարոսլավ Ժալնինը զգուշացրել է, որ «Խրտվիլակ»-ը անտեսանելի ներկայացում է, որի գործողությունները կատարվում են մթության մեջ: «Դա, այսպես կոչված 5D թատրոն է: Ձևաչափ, որ հորինվել է մեր ստուդիյում:

Գլխավոր գաղափարն այն է, որ ստեղծվեր նախագիծ բոլորի, այդ թվում նաև տեսողությունից զրկված հանդիսատեսների համար: Այդ նպատակով ներկայացումից առաջ հանդիսատեսները կհագնեն հատուկ մուգ դիմակներ, որպեսզի առավելագույնս միանան բեմադրության գործողությանը: Այս ձևով հանդիսատեսը կարող է հայտնվել հերոսներից մեկի մաշկի մեջ, իր վրա զգալ և զայրույթը և սերը: 5D էֆեկտի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս շոշափելով զգալ ոչ միայն առարկաներն ու դեկորացիաները, այլև կատարվող իրադարձությունների բույրերը, քանի որ գործողությունների յուրաքանչյուր վայր հագեցած է իր բույրով»,- նշել է Ժալնինը:

Ներկյացման ամենաժամանակատար աշխատանքը ներկայության էֆեկտների մշակումներն են: Այս գործընթացի արդյունքում նույնիսկ թատրոնում ստեղծվել է օդափոխության հատուկ համակարգ, որը հնարավորություն է տվել զգալ գլխավերևով թռչող առարկան և դրա հետևանքով առաջացած օդի տատանումը:

«Տեսանելիության առումով, անշուշտ, ամեն ինչ տեղի է ունենում ոչ թե լրիվ մթության մեջ, այլ մթնշաղում, որի միջով շարժվում են դերասանները: Սակայն դիտել այդ գործողությունն այնքան էլ հետաքրքիր չի, որքան այն երևակայելը, գլխի մեջ պատկերացնելը»,-նշում է ռեժիսորը:

Ժալնինի ասելով ամենադժվարը իրեն հանդիսատեսի տեղում պատկերացնելն էր: Մի բան է տեսնելը, թե ինչպես են հերոսները բեմի ինչ-որ մի հատվածում վիճում իրար հետ և բոլորովին այլ բան է հանդիսատեսին խորասուզել կոնֆլիկտի կենտրոնում:

«Դրա համար մենք մշակել ենք ձայների տեղակայման ճշգրիտ սխեմա, երբ հանդիսատեսը հայտնվում է կոնֆլիկտի մեջ գտնվող երկու հերոսների միջև: Ամեն անգամ նա հայտնվում է ինչ-որ մեկին ավելի մոտ, հետո տեղափոխվում է և արդյունքում ընտրում է ազնվության և խղճի կողմը»,- ընդգծում է Ժալնինը:

Ասենք, որ Բուլգակովի թատրոնը տեսողությունից զրկվածների համար առաջին ներկայացումը պատրաստել է դեռևս 2012թ.-ի: Այդ «անտեսանելի ներկայացումը» վերնագրված էր «Վոլկե», որը հետագայում սկսեցին բեմադրել նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքների թատրոններում նույնպես: Իսկ այս նոր՝ «Խրտվիլակ» ներկայացումը հեղինակները մտադիր են գարնանը հյուրախաղային շրջագայություններով ցուցադրել երկրի այն ինտերնատներում, որտեղ կրթություն ու դաստիարակություն են ստանում կույր կամ վատ տեսնող երեխաները:
    Դիտվել է 888 անգամ