Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մատնանշում է այդպիսի ներկայացումների բացասական ազդեցությունը երեխաների վրա

01.27.2016

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի իշխանություններն արգելել են քաղաքի տարածքում և նրա վարչական իրավասության տակ գտնվող օբյեկտներում կազմակերպել և անցկացնել վարժեցված կենդանիների մասնակցությամբ զվարճալի կամ ժամանցային միջոցառումներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարել են, որ վարժեցրած կենդանիների մասնակցությամբ ժամանցների կազմակերպումն ավելի ու ավելի մեծաքանակ հակադիր կարծիքների ձևավորման պատճառի է վերածվում ոչ միայն Լեհաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:

«Կրկեսներում գազանների նկատմամբ վարվում են ինչպես անշունչ առարկաների հետ, վարժեցման միջոցներով ստիպում են կատարել գործողություններ, որոնք բնորոշ չեն նրանց բնույթին, պահում են կոնկրետ տեսակների համար ոչ բնորոշ պայմաններում: Բացի այդ դատապարտման են արժանի գազանների տեղափոխման և ներկայացումների միջակա ժամանակահատվածներում սեզոնից դուրս ժամանման վայրերում առկա պայմանները»,- գրված է Վարշավայի քաղաքապետ Հանա Հրոնևիչ-Վալցի կարգադրության մեջ:

Իրենց այս որոշումը քաղաքային իշխանությունները նաև փաստարկում են այն բանով, որ գազանների մասնակցությամբ շոուների անցկացումը չի խրախուսում նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության հանձնաժողովը, որը մատնանշում է այդպիսի ներկայացումների բացասական ազդեցությունը երեխաների վրա: Տեսնելով բեռնատարների, վանդակների մեջ կամ կապված կենդանիներին՝ երեխաների մոտ կարող է ձևավորվել կայուն պատկերացում, որ կենդանիների հետ վատ վարվեցողության մեջ ոչ մի վատ բան չկա:

Լեհաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանում հաստատված փաստաթուղթը նույնիսկ արգելում է իր իրավասության տակ գտնվող որևէ անշարժ գույք տրամադրել այն կրկեսներին, որոնց ներկայացումներում մասնակցում են կենդանիներ, կազմակերպություններին, որոնք կտարածեն կենդանիների մասնակցությամբ ներկայացումների մասին տեղեկատվություն կամ տոմսեր:

Վարշավայի փոխքաղաքապետ Յարոսլավ Յուզվյակը նշել է, որ այս արգելքը առայժմ չի վերաբերում այն միջոցառումներին, որոնք կազմակերպվում են մասնավոր տարածքներում: «Սակայն քաղաքը դիմում է քաղաքի սեփականությունը չհանդիսացող բոլոր հողերի կառավարիչներին, որպեսզի նրանք նույնպես հրաժարվեն նման կրկեսային ներկայացումներ իրենց տարածքներում անցկացնելու մտքից»,- հայտարարել է Վարշավայի քաղաքապետարանի մամլո քարտուղարությունը:

Ավելացնենք, որ Վարշավայից բացի, գազանների բնական իրավունքների պաշտպանությամբ հանդես են եկել նաև Լեհաստանի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներ, մասնավորապես՝ Վրոցլավը, Պոզնանը, Լոձը և այլն:
    Դիտվել է 931 անգամ