Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Գեղամ Գրիգորյանը

03.23.2016

65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, երգիչ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

Նա մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին:

Գեղամ Գրիգորյանի դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է 1975թ.-ին: Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում այդ ժամանակ նա հանդես է եկել Էդգարի դերերգի կատարմամբ: Դրան հաջորդում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ») և այլ ներկայացումները:

Հայ երգիչը հաջողությամբ հանդես է եկել նաև միջազգային բեմերում: Նրան ծափահարել են աշխարհի գրեթե բոլոր առաջնակարգ թատրոններում ու համերգասրահներում:

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված գրեթե բոլոր բարդ դերերը, համագործակցել է 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը կերտած այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են՝ Միրելլա Ֆրենին, Լեոնտին Պրայսը, Գրեյս Բամբրին, Գենա Դիմիտրովան, Լուչիանո Պավարոտտին, Պլաչիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Եվգենի Սվետլանովը, Սվյատոսլավ Ռիխտերը և ուրիշները։

Նա համարվում էր 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը և հիշատակվում է այնպիսի լեգենդար մարդկանց հետ միասին, ինչպիսիք են Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին:



Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը`ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Տեսանյութեր

Դիտվել է 1073 անգամ