Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մենաներկայացման պրեմիերա բեմարվեստի հայ առաջին պրոֆեսիոնալ արտիստուհու մասին

03.31.2016

Մարտի 30-ին ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանը և դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը Երևանի պետկան կամերային թատրոնում ներկայացրին «Ժամանակի վարագույրը» մենաներկայացումը՝ նվիրված հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանին:

Մեկ ժամից մի քիչ ավելի տևողությամբ ներկայացման ընթացքում հանդիսատեսի աչքի առջև հեղինակները թերթում են բեմարվեստի նվիրյալի կյանքի վերջին շրջանի ողբերգական էջերը:

Գեղեցկության և մարդկայինի հավատն հոգու խորքերում ամուր ամբարած Արուսյակը հայտնվել է սոցիալական սանդուղքի ստորին հարթությունում: Այնտեղ գոյության ու անգոյության սահմաններն իրար են հատվում և մարդկային առաքինությունը, չասենք հոգևորն ու գեղեցիկը, պարզապես օտարոտի չափման միավորների են վերածվում:

Նախկինում դերասանական փառք վայելող ու հանդիսատեսից երկրպագության ծաղկեփնջեր ընդունող Արուսյակի համար հիմա գլխավոր թեման գոյության կռիվն ու սեփական ֆիզիկական ներկայությունը սոցիալական դժվարագույն մարտահրավերների տարածքում պահպանելն է: Նա, նույնիսկ չի էլ նկատում, որ հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ հասունանում են վերջնական անկման ապացույցները ՝ մեղսագործ մտքերը և իրեն մոռացած զավակներին սպանելու հանցագործ պոռթքումը ...

Սակայն Արուսյակին օգնության է հասնում հայ բեմի մեկ այլ հավերժական բնակչի՝ Ազնիվ Հրաչյայի նամակը և դրամական օգնությունը...

Հանցագործությունը կանխվում է: Սակայն հանցածին միջավայրի որոգայթները, միևնույնն է, պահպանում են իրենց կենսունակությունը և բեմարվեստի իր մեծ գործընկերներին հիշողությունների մեջից կրկին վերագտնող Արուսյակ Փափազյանին մնում է միայն բարոյական հաղթանակ տանելու առաքինի քայլը: Նրա վերջին քայլը...

Բռնի ուժով իրեն հոգեբուժարանում փակել ցանկացողների քթի առջև Հասմիկ Տեր-Կարապետյան - Արուսյակ Փափազյանը ազատ է արձակում իր միակ զրուցընկերոջը և դժվար օրերի ուղեկցին՝ վանդակում բնակվող Հորացիոս անունով թռչունին...
    Դիտվել է 960 անգամ