Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լիանա Հարությունյանը «Մետրոպոլիտեն օպերայում» հանդես կգա Պլասիդո Դոմինգոյի հետ

04.06.2016

Սերնդակից երգիչներից Վերդիի ստեղծագործությունների կատարման մեջ քննադատների կողմից լավագույն սոպրանո համարվող Լիանա Հարությունյանը (Հայաստան) Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում» հանդես կգա աշխարհահռչակ երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին

Նրանք կկատարեն իտալացի նշանավոր կոմպոզիտորի «Սիմոն Բոկկանեգրա» օպերայի գլխավոր դերերգերը: Նշանավոր տենորը հանդես կգա Ջենովայի դոժ Սիմոնի, իսկ հայաստանցի երգչուհին նրա դստեր՝ Ամալիայի կերպարում:

«Սիմոն Բոկկանեգրա» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1857 թ.-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում: Այդ ժամանակ օպերան ընդունվեց ոչ մեծ հիացմունքով: 23 տարի անց կոմպոզիտորը փոփոխություններ կատարեց լիբրետոյում և դրանից հետո ներկայացվեց Միլանի «Լա Սկալա» թատրոնում և ունեցավ մեծ հաջողություն:

Օպերան «Մետրոպոլիտեն» օպերայում առաջին անգամ բեմադրվել է 1932 թ-ին:

Ավելացնենք, որ Ամելիի դերը Վերդիի այս ստեղծագործության մեջ նախկինում կերտել են այնպիսի աշխարհահռչակ երգչուհիներ, ինչպիսիք են Քիրի Տե Քանավան և Ռենատա Թեբալդին:
    Դիտվել է 968 անգամ