Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

774 ներկայացումների նախնական դիտումներից հետո ...

04.18.2016

Անցած շաբաթ օրը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում կայացավ Ռուսաստանի «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 774 ներկայացումների նախնական դիտումներից հետո փորձագիտական հանձնաժողովը անվանակարգման ցուցակներում ընդգրկել էր երկրի 19 քաղաքներից 52 թատրոների, որոնք էլ միմյանց միջև վիճարկեցին 2016 թ.-ին նախատեսված 51 «Ոսկե դիմակ»-ների ճակատագիրը: Նշենք որ այդ թատրոնները, որոնցից կեսից ավելին գործում են երկրի տարբեր գավառներում, «Ոսկե դիմակի» տարբեր անվանակարգերի էին ներկայացրել 69 բեմադրություն:

Լավագույն օպերետա/մյուզիքլ ժանրում հաղթող է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի «Հոլլիվուդյան արտիստուհին» ներկայացումը:

Լավագույն օպերային ներկայացում է ճանաչվել Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի «Խավանշչինա» բեմադրությունը:

Լավագույն ժամանակակից պարի ներկայացում է հռչակվել «Մոսկվայի բալետ» թատրոնի «Սրճարան Ապուշ» բեմադրությունը:

Լավագույն դրամատիկական բեմադրություն է ճանաչվել «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի «Ամռան գիշերվա երազ» ներկայացումը:

Մրցանակաբաշխության ընթացքում «Ոսկե դիմակ»-ներ են հանձնել նաև իրենց գործերում ստեղծագործական աննախադեպ որակներ ցուցաբերած մոտ 4 տասնյակ ռեժիսորների, դերասա-դերասանուհիների և թատերական այլ գործիչների:

Միջոցառումն ավարտվել է ամենապատվավոր ՝ «Թատերական արվեստի զարգացման մեջ նշանակալից ներդրման համար» անվանակարգին արժանացած գործիչներին՝ Բորիս Մեսերերին, Յուրի Սոլոմինին, Լև Դոդինին, Բորիս Էյֆմանին, Ռիմա Բելյակովային, Կլարա Կիսենկովային, Ռինատ Տազետդինովին և Ռոստիսլավ Յանկովսկուն «Ոսկե դիմակ»-ներ հանձնելով::
    Դիտվել է 1044 անգամ