Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդպիսի գործերը կարելի է հաշվել մատների վրա

06.11.2016

Հերթական ուրախ փորձարարության ստացած արդյունքն են ներկայացրել իրենց հանդիսատեսներին Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի արտիստները: Նրանք իրենց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տիտելի ընթերցմամբ բեմ են հանել Սերգեյ Պրոկոֆևի « Սեր երեք նարինջների նկատմամբ» կատակերգական օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ռուս կոմպոզիտորի այս ստեղծագործությունը գրվել է 20-րդ դարի սկզբին և առանձնանում է փորձարարական մոտեցումների հնարավորություններ ընձեռելու զարմանալի հատկությամբ: Նախօրեին մոսկովյան թատրոնը ներկայացրեց Կառլո Գոցիի հորինած զվարճալի հեքիաթ-պատմության միանգամայն ժամանակակից և նոր մեկնաբանություն:

Կատակերգական ժանրը համաշխարհային օպերային արվեստում հազվադեպ է բեմական կյանքի արժանանում: Այդպիսի գործերը կարելի է հաշվել մատների վրա: Իսկ դա նշանակում է, որ այս ժանրում ծիծաղաշարժ և զվարճալի բեմական մտահղացումների եղած փորձն ու ներկապնակը բավարար չի և բեմադրիչից պահանջում է հնարավորությունների ու երևակայության նոր շերտերի բացահայտումներ: Ահա և այդ խնդիրը Ալեքսանդր Տիտելը փորձել է լուծել 20-րդ դարի և մեր օրերի իրականությունները միմյանց խառնելով:

Հերոսները ճանաչելի են, իրավիճակները՝ հասկանալի, զուգահեռներն՝ ակնհայտ, ժամանակի ոգին հստակ հասկանալի: Հերոսները ժամանակակից հագուստներով են: Հանդես են գալիս շարժական հարթակների վրա: Հսկայական գնդի վրա ցուցադրվում է մարմնամարզական վարժանք: Հավասարակշռության պահպանման ճիգերը նույնական են Պիկասոյի «Աղջիկը գնդի վրա» հայտնի նկարին: Այսպիսի զուգահեռները բազմաթիվ են: Ողջ երգչախումբը բեմի վրա է: Կիսաբաճկոններով ու սաղավարտներով հանդերձավորված արտիստները նման են բանվորների, որոնք սալաքարեր են հարմարեցնում Մոսկվայի փողոցներում:

Կառլո Գոցիի այս հեքիաթը Մեյերհոլդը ժամանակին վերածել է պիեսի և այն տպագրել «Սեր երեք նարինջների նկատմամբ» անունը կրող հանդեսում: Հենց այդ հրատարակված դրամատուրգիական աշխատանքն էլ վերցնելով՝ Սերգեյ Պրոկոֆևը դարձրել է օպերայի լիբրետո:

Օպերան առաջին անգամ բեմադրվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում:
    Դիտվել է 899 անգամ