Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի մի է բերում թատրոնի ոլորտում համաշխարհային ձեռքբերումները

06.18.2016

Այս օրերին Ռումինիայի Սիբիու քաղաքում ընթանում է Եվրոպայի խոշորագույն միջազգային թատերական փառատոներից մեկը, որն արդեն 20 տարի ի մի է բերում թատրոնի ոլորտում նշանակալից համաշխարհային ձեռքբերումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս տարի կայանում է Սիբիուի 23-րդ փառատոնը, որին մասնկացում են 70 երկրներից ժամանած թատերական կոլեկտիվներ: Նրանք, ընդհանուր առմամբ կներկայացնեն 459 բեմադրություն: Ընդ որում, ներկայացումները պատրաստող ռեժիսորների անվանացանկում քիչ չեն նաև համաշխարհային թատերական արվեստում արդեն մեծ ներդրում ունեցող գործիչները: Օրինակ, Սիբիուի միջազգային փառատոնում իրենց աշխատանքներն են ցուցադրելու միջազգային մեծ համբավ վայելող այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Թոմաս Օսթերմայերը, Քրիստոֆ Մարթալերը, Էյմունթաս Նաքրյոշուսը, Էուժենիո Բարբան և ուրիշներ:

Սիբիուի թատերական միջավայրի կարևորագույն բաղադրիչներից է դարձել նաև 2013թ.-ին հիմված Փառքի ծառուղին, որտեղ առիթից առիթ բացվում են թատերական արվեստում մեծ ձեռքբերումների հասած գործիչների անվանական աստղերը: Այստեղ արդեն իրենց աստղերն ունեն Սիլվիո Պուարկառետեն, Դեկլան Դոնելլանը, Քրիստինա Լուպան, Փիտեր Բրուքը, Պետեր Շտայնը, Լև Դոդինը և այլոք:

Ի դեպ, այսօր Սիբիուի Փառքի ծառուղում «կծագի» ևս մեկ աստղ, որը կանվանակոչվի Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի անունով: Իր անվանական աստղի բացման և փառատոնի առիթով ռուսաստանցի արտիստը Սիբիուի հանդիսատեսներին կներկայացնի իրենց թատրոնի ամենահաջողված ներկայացումներից մեկը՝ «Շուկշինի պատմվածքները»:

Ավելացնենք, որ Սիբիուի 23-րդ թատերական միջազգային փառատոնի շրջանակներում բացվելու են նաև թատերական մեծահամբավ ռեժիսորներ Լյուք Պերսևալի, Ալվիս Հերմանիսի, Քրիստոֆ Մարտալերի և Թոմաս Օսթերմայերի անվանական աստղերը :

    Դիտվել է 988 անգամ