Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարրի Փոթերն առաջին անգամ դուրս է գալիս նաև թատերական բեմահարթակ

07.06.2016

Այս օրերին Լոնդոնի թատերասեր հասարակությունը նախապատրաստվում է Ջոան Ռոուլինգի հանրահայտ հերոս Հարրի Փոթերի մասին պատմող հերթական հետաքրքրաշարժ պատմությանը, որն ի տարբերություն բազմամիլիոն տպաքանակով լույս տեսնող գրքերի կներկայացվի թատերական բեմահարթակում: «Հարրի Փոթերը և անիծյալ մանկիկը» ներկայացումը բրիտանական մայրաքաղաքի «Palace» թատրոնում այժմ նախապրեմերային ցուցադրությունների ճանապարհ է անցնում և ըստ ամենայնի կդառնա տարվա թատերական կյանքի մեծ իրադարձություններից մեկը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թեև նոր ներկայացման պաշտոնական պրեմիերան նշանակված է հուլիսի 24-ին, սակայն տոմսերի վաճառքն սկսվել է դրանից 9 ամիս առաջ: Թե ինչպիսի մասշտաբներ ունի այս ներկայացման նկատմամբ բրիտանացի հանդիսատեսների հատաքրքրությունը, կարելի է կարծիք կազմել տոմսերի սպառման տեմպերին ծանոթանալով: Վաճառքն սկսելու առաջին օրը, ընդամենը 8 ժամվա ընթացքում, սպառվել է 175 հազար տոմս, իսկ այսօրվա տվյալներով այդ ներկայացման տոմսերը վաճառվել են մինչև 2017 թ.-ի մայիս կայանալիք ցուցադրությունների համար:

Հարրի Փոթերի մասին պատմող հետաքրքրաշարժ պատումների շարքում այս ներկայացումը պատրաստվել է ըստ Ջոան Ռոուլինգի դեռ լույս չտեսած 8-րդ գրքի: Այն պիեսի է վերածել դրամատուրգ Ջեք Թորնը, իսկ ռեժիսորն է Ջոն Թիֆանին: Նրանք գրքի հեղինակ Ռոուլինգի հետ համարվում են «Հարրի Փոթերը և անիծյալ մանկիկը» բեմադրության համահեղինակներ:

Ի դեպ, Ջոան Ռոուլինգը խնդրել է ներկայացումն առաջինը դիտող հանդիսատեսներին չբացահայտել սյուժեի մանրամասները մինչև հուլիսի 31-ը: Այդ օրը՝ հուլիսի 31-ին Հարրի Փոթերի, ասենք՝ նաև Ջոան Ռոուլինգի ծննդյան օրն է և հենց այդ ժամանակ է նախատեսված, որ ստեղծագործությունն, ի վերջո, կիջեցվի տպագրության:

Թեև պետք է նշել, որ, այնուամենայնիվ, համացանցում արդեն հայտնվել են ինչ-ինչ ծովահենային հրապարակումներ:
    Դիտվել է 1126 անգամ