Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Էդվարդ Օլբին

09.19.2016

Սեպտեմբերի 17-ին աշխարհի լրատվամիջոցները տեղեկացրին, որ 88 տարեկան հասակում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ Էդվարդ Օլբին: Նրա օգնականի ասելով դրամատուրգը վախճանվել է Նյու-Յորքի իր բնակարանում՝ ոչ երկարատև հիվանդությունից հետո:

Էդվարդ Օլբին «աբսուրդի թատրոնի» առավել վառ ներկայացուցիչներից էր: Նրա գործերից առավել հայտնի են «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Անկայուն հավասարակշռություն», և «Ծովային համայնապատկեր» պիեսներնը:

Նա ամերիկյան Պուլիտցերյան հանրահայտ գրական մրցանակի եռակի դափնեկիր էր:

Օլբին ծնվել է 1928 թ.-ին և շատ շուտով որդեգրվել է Նյու-Յորքում բնակվող մի ընտանիքի կողմից: Նրան սովորելու են ուղարկել էլիտար դպրոցներում, որոնցից երկուսից հեռացվել է: Օլբին հրաժարվում էր ընտանեկան արժեքներից և գերապատվություն տալիս կյանքի գեղարվեստական ոճին, որն, ի վերջո դարձավ նրա ու խստակյած մոր ընդհարման պատճառ:

Ապագա դրամատուրգը 20 տարեկանում մխրճվում է Նյու-Յորքի բոհեմական կյանքի մեջ և իր գոյությունը պահպանում պատահական վաստակած միջոցներով:

Նա որպես դրամատուրգ հանրության ուշադրությանն է արժանացել 1958թ.-ին ստեղծած «Ինչ էր պատահել գազանանոցում» պիեսից հետո: Ընդհանուր առմամբ, Էդվարդ Օլբին 30 պիեսի հեղինակ է:
    Դիտվել է 864 անգամ