Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան 12-րդ փառատոնը կայացավ Երևանի 9 բեմահարթակներում

10.28.2016



Երևանում ավարտվեց Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Այն եզրափակվեց Սանկտ Պետերբուրգի «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ» ներկայացմամբ:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալեց 15 երկրներից ժամանած130 մասնակիցներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Լեհաստանը, Ռումինիան, Նիգերիան, Ալժիրը, Մոնղոլիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը և այլ երկրներ ներկայացնող թատերախմբեր և անհատ դերասաններ:

Ժանրային առումով փառատոնը շատ հարուստ ու բազմազան էր: Հայ հանդիսատեսը այս ավանդական ստուգատեսի ժամանակ հնարավորություն ունեցավ դիտելու դրամատիկական, երաժշտական, ֆիզիկական շարժման բեմադրություններ և մոնոներկայացումներ, որոնք ցուցադրվեցին երևանյան 9 բեմահարթակներում :

Ընդհանուր առմամբ փառատոնի ժամանակ ցուցադրվեց 15 ներկայացում:

«Այս նախագիծն իրականացվեց շատ կարճ ժամանակահատվածում: Պետք է ասեմ, որ մասնակիցները հրաշալի մարդիկ են, հրաշալի ընկերներ, և ես հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա», - նշել է Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն:
«Շեքսպիրյան փառատոնն իր ձևաչափով, կարելի է ասել, յուրահատուկ փառատոն է, և ես շատ ուրախ եմ, որ կարճատև դադարից հետո այն կրկին շարունակում է իր փառատոնային կյանքը: Ձեր փառատոնը կայացած է: Այդ հարցում մեծ ավանդ ունի փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը: Եվ այդ գործն այսօր շարունակում է փառատոնի տնօրեն Կարո Բալյանը»,- թատերական ֆորումին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է վրացի լեգենդար ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան:

Ավելացնենք, որ Շեքսպիրյան 12 փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 20-26-ին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ:
    Դիտվել է 999 անգամ