Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարպետին և Մարգարիտային հենց հիմա կարելի է հանդիպել օն-լայն ռեժիմում

11.11.2016

Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ին Մոսկվայում սկսվեցին Միխայիլ Բուլգակովի « Վարպետը և Մարգարիտան» վեպի թատերականացված օն-լայն ընթերցումները: Առաջին ընթերցողը դարձել է Մոսկվայի գեղարվեստական-ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց-ստուդիայի տնօրեն Իգոր Զոլոտովեցկին:

«Մենք արագացված կամ գլխավոր փորձ չենք ունեցել: Ամեն ինչ պիտի տեղի ունենա կենդանի և ձեր աչքերի առջև»,- ասել է այս նախագծի համակարգող Ֆեկլա Տոլստայան:

Այս նախագծի մեջ են ներքաշված ինչպես Մոսկվայի, այնպես էլ Սանկտ-Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Եկատերինբուրգի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի, Վլադիվոստոկի, ինպես նաև Թել Ավիվի (Իսրայել) մի շարք ստուդիաներ: Այս ակցիան կշարունակվի մինչև նոյեմբերի 12-ի երեկոյան ժամը 22:00-ն:

Ընթերցանությանը, արվեստի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների հետ միասին, կմասնակցեն նաև Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ նախագահի մշակույթի գծով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը և տարբեր ոլորտների այլ հայտնի պաշտոնյաներ:

«Մարդիկ կարդում են ավելի ու ավելի շատ հետաքրքիր, հարցին մոտենում են ստեղծագործաբար, օգտագործում են մոնտաժը և երաժշտություն, իրենց ընթերցանության բաժինը ներկայացնելու համար պատրաստում են հետաքրքիր հարթակներ»,- նշել է նախագծի ռեժիսոր Նատալիա Անաստասևան:

Նա նաև նշել է, որ հատվածները ընտրվել են ըստ ընթերցողների կերպարների:

Օնլայն-ընթերցումները իրականացվում են «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի օժանդակությամբ: «Այսպիսի նախագիծը գուցե կնպաստի, որպեսզի երիտասարդները գիրք վերցնեն»,- նշել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը և ընդգծել. «Գուցե կինոյի, ընթերցանության և համացանցի հատման կետում մեր աչքի առաջ ծնվում է արվեստի նոր տեսակ»:

Այս նախագծի յուրահատկությունը 360 աստիճան ընդգրկմամբ տեսագրության կիրառումն է: Դա հանդիսատեսին հնարավորություն է տալիս ներկա լինել վեպի հանգուցային տեսարաններից մեկում՝ սատանայի հրավիրած պարահանդեսին: Այդ մոտեցումը արտահայտված է նաև նախագծի «Վարպետը և Մարգարիտան: Ես այնտեղ եղել եմ» անվան մեջ:

Ի դեպ այդ տեսարանը օն-լայն ռեժիմում կլինի Երևանի ժամանակով 23:30-ին և կշարունակվի մոտ մեկ ժամ: Այդ մասին տեղեկացրել է ռուսաստանում Google-ի պատասխանատու աշխատակից Յուլիա Սոլովյովան:

«Վարպետը և Մարգարիտան: Ես այնտեղ եղել եմ» վերնագրով նախագիծը նվիրված է մեծ գրող Միխայիլ Բուլգակովի (1891-1940) 125 ամյակին և նրա նշանավոր վեպի առաջին հրատարակության 50 ամյակին:

Ընթերցանության ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել YouTube հոսթինգում և նախագծի կայքում :




    Դիտվել է 1209 անգամ