Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Ուգարով. «Արտիստուհուն և ռեժիսորին տարել են մենթանոց»

01.16.2017

Օրերս Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ընդհատել է այստեղ հյուրախաղերով հանդես եկող Մոսկվայի «Տեատր.doc» թատրոնի «Ոչ բացահայտ ներգործություններ» փողոցային ներկայացումը՝ հավատալով, որ բեմադրությանը մասնակցող դերասանուհին իրոք սպառնում է վերջ տալ իր կյանքին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովի ֆեյսբուքյան գրառումը:

««Տեատր.doc» -ի «Ոչ բացահայտ ներգործություններ»-ը այժմ գտնվում է Պետերբուրգում: Ոստիկանությունը ընդհատել է ներկայացումը, արտիստուհուն և ռեժիսորին տարել են մենթանոց: Ոստիկանները հավատացել են հորինվածքին և որոշել են, որ արտիստուհին ցանկանում է վերջ տալ իր կյանքին՝ պատշգամբից թռչելով:
Կանխարգելիչ զրույցից հետո արտիստուհուն և ռեժիսորին սիրահոժար վերադարձրել են գործողության վայր, որպեսզի շարունակեն ներկայացումը: Իսկ ես ասում եմ, սա համընդգրկուն ներկայացում է, որի մեջ բոլորն ակամա դառնում են կերպարներ»,- գրել է Ուգարովը:

«Ոչ բացահայտ ներգործություններ» նախագիծը «Տեատր.doc»-ը մեկնարկել է 2016թ.-ի հունիսին: Նախագծի համահեղինակ Վսեվոլոդ Լիսովսկու ասելով այս ներկայացման ժանրը առավել ճշգրիտ կարելի է սահմանել որպես «Կապիկի ուղորդում»:

Այս նախագիծը պրոֆեսիոնալ արտիստների և հանդիսատեսների համատեղ ջանքերի արդյունք է: Դրա շրջանակներում բոլորը դառնում են ներկայացման հավասար և համարժեք մասնակիցներ:

Ներկայացումը տեղի է ունենում ոչ թե «Տեատր.doc»-ում, այլ քաղաքային միջավայրում՝ փողոցներում, առևտրի կենտրոններում, լքյալ տներում և հրապարակներում, հասարակական զուգարանների խցերում և պուրակներում, մետրոյում, մասնավոր բնակարանների նեղ միջանցքներում: Ոչ մեկը չի կարող ասել, թե հաջորդ անգամ ներկայացման մասնակիցները որտեղ կհայտնվեն:

«Ոչ բացահայտ ներգործություններ»-ը անընդհատ փոփոխվող տիեզերք է: Համարների հերթականությունը և ձևը որոշվում են հանպատրաստից, հանդիսատեսները ներազդում են սյուժեի զարգացման վրա ճիշտ նույնքան, որքան դերասանները: Մասնակիցները հանդիպում են մեկնարկակետում, որտեղից էլ սկցվում է «ճամփորդությունը»: Դերասանները սյուժետային զարգացմանը տալիս են շատ աննշան ուղղություն՝ հենվելով անցյալի փիլիսոփաների, գրողների, բանաստեղծների, ժամանակակից հայտնի դրամտուրգների դասական տեքստերի, գոյության դժվարությունների, սեփական մտավոր դատողությունների, սեռական, աշխատանքային և կյանքի այլ փորձառությունների վրա: Գործողության մեջ է մտնում ինքը՝ հանդիսատեսը: Հենց շնորհիվ նրա էլ մենք իմանում ենք, թե որ երթուղով ենք գնալու, ինչպիսի տեքստային դրվագներ, պլաստիկական իմպրովիզացիաներ և ինչ հերթականությամբ պիտի կատարենք:

Վսեվոլոդ Լիսովսկու նախագծի փիլիսոփայության համաձայն «ով ասես, որտեղ էլ գտնվելիս լինի, ինչի վրա ասես, որ չի կարող ներգործել»: Ներկայացման հեղինակներն ու մասնակիցները ուսումնասիրում են, թե ինչպես է տեղի ունենում այդ ներգործությունը և ինչպիսի ազդեցություն է ունենում:

«Նախագիծը փորձ է այն համարձակ մարդկանց համար, ովքեր պատրաստ են իրենց և շրջապատող աշխարհի մասին նոր բաներ իմանալու, ովքեր պատրաստ են հայտնվելու անսովոր իրավիճակների մեջ և ստանձնելու կատարվածի համար պատասխանատվություն»,- նշում է Լիսովսկին: Ըստ նրա այսպես կամ այնպես մենք աննկատ ազդում ենք մեկս՝ մյուսի և ամբողջ աշխարհի վրա՝ ընդհանրապես: «Մենք ցանկանում ենք լրջորեն խորասուզվել այս թեմայի ուսումնասիրության մեջ և հանդիսատեսին ներգրավել այդ ստեղծագործական գործընթացում»,- ընդգծել է նա:
    Դիտվել է 1262 անգամ