Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆ. Գրիգորյանը «Տարտյուֆը» ներկայացրել է անժամանակյա աբսուրդի պատմության մեջ

01.24.2017

Մոսկվայի «Ստանիսլավսկի» էլկտրաթատրոնում կայացել է այս տարվա գլխավոր պրեմիերան՝ «Տարտյուֆ» կատակերգությունը, երիտասարդ ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mk.ru»-ին:

Բորիս Յուխանանովի գեղարվեստական ղեկավարությամբ գործող էլեկտրաթատրոնում Գրիգորյանը ներկայացրել է Մոլիերի անմահ ստեղծագործության ավանգարդիստական բեմադրությունը, որը դասական գործի շատ անսովոր փորձարարական մի աշխատանք է եղել, որի մեջ արատը և կիրքը բազմաչափ է և որտեղ կա խաղ տարածության և հանդիսատեսի ընկալումների հետ: Ռեժիսորը (որը նաև բեմադրող նկարիչն է) հետևողականորեն և ջանադրաբար ջարդում է տեղի, ժամանակի և գործողության դասական եռամիասնությունը՝ իր հերոսներին տեղադրելով պայմանական դեկորացիաների մեջ, երկու կողմերից բաց տիկնիկային տնակում:

Այստեղ ոչինչ վարագուրված չէ և ամենը, ասես, լինի ձեռքի ափի մեջ: Վերևի միզնսցենը խաղարկվում է էկրանին, տեսապատկերների մեջ: Այստեղ դասդասվում են ժամանակաշրջանները, զուգահեռվում են իրավիճակները: Ռուսաստան-Ֆրանսիա, Նիկոլայ 2-րդ - Լյուդովիկոս:

Գրիգորյանը բացահայտ խաղում է հանդիսատեսի հետ, կերպարներին դարձնում է առավելագույնս ճանաչելի: Տարտյուֆը այստեղ Գրիգորի Ռասպուտինն է՝ իր դիվային արտաքինով, իր կակազախոսությամբ և կենդանական պլաստիկայով: Օրգոնը՝ Նիկոլայ 2-րդ է՝ իր համազգեստով, ճանաչելի մորուքով:

Պատահական չէ, որ դերասանների կողմից շրջանառվում է նաև ցարական ընտանիքի քրիստոմատեական լուսանկարը: Բացի այդ, առավել ակնհայտության համար ավելացնում է տնից հրաժարվելու մասին հռչակագիրը (որպես ցարական իշխանությունը վայր դնելու նշան): Նուրբ խաղը լրացնում է երաժշտական ձևավորումը, որով սկսվում է ներկայացումը՝ ռուսական նվագակցություն՝ ֆրանսիական միջավայրում:

Սյուրռեալիստորեն բազմապատկվում է ոչ միայն իրականությունը, այլև կերպարները: Օրինակ Օրգոնի աղջիկը՝ Մարիանան ներկայացվում է 4 դերասանուհիների կատարմամբ, որը գործողությանը տալիս է բազմպլանայնություն:

Հանդիսատեսի վրա ազդում է նաև խաղը տարածության հետ, անցումը մի դահլիճից, դեկորացիաներից և իրողություններից մյուսները: Մոտ երկու ժամ տևող առաջին գործողության դեպքերը, որի ընթացքում ներկայացվում է բեմադրության էքսպոզիցիան, հանգույցը և կուլմինացիան, ծավալվում են անցյալ ժամանակաշրջանում: Իսկ առավել դինամիկ երկրորդ գործողությունը՝ հանգուցալուծումը, շարունակվում է ընդամենը 30 րոպե:

Սա անժամանակյա աբսուրդի պատմություն է, որտեղ նկատելի են ժամանակակից կյանքի և թատերայնության հստակ նշանները:
    Դիտվել է 1011 անգամ