Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմում կարտացոլվեն նաև ռեժիսորի հոր զոհվելու հանգամանքները

03.28.2017

Ռուսաստանցի թատերական գործիչները հավատարիմ են երկրի քաղաքական, հասարակական և սոցիալական կյանքի նկատմամբ իրենց քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը բարձրաձայնելու այն ավանդույթին, որը դեռ տասնամյակներ առաջ խիզախ ստեղծագործական մոտեցումներով թատրոնում արտահայտել են 20-րդ դարի առաջին կեսի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Շչեպկինը, Ստանիսլավսկին, Վախթանգովը, Թաիրովը, Մեյերհոլդը և ուրիշները:

Այդ ժառանգականությունը կրողի պարտավորվածության մեկ օրինակ էլ ապրիլի 3-ին իր գեղարվեստական ղեկավարությամբ գործող «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի բեմում կցուցադրի Մարկ Ռռզովսկին: Այդ օրը ռեժիսորը իր հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի «Հայրիկը, Մայրիկը, ես և Ստալինը» ներկայացումը:

Բեմադրությունը պատրաստվել է ըստ Մարկ Ռոզովսկու համանուն գրքի:

Սա ինքնակենսագրական ստեղծագործություն է և ունի վավերագրական հենք: Հեղինակը ամենայն անկեղծությամբ է հյուսում սիրո և բաժանումի իր պատումը, ներկայացնում մարդկային ճակատագրերի այն հսկայական վայրիվերումները, որոնք բաժին են հասնում մեծ փոփոխությունների ժամանակներին:

Խոսելով նոր բեմադրության մասին, Ռոզովսկին նշել է, որ իր օգտագործած փաստաթղթերը հիմնականում հատուկ ծառայությունների արխիվային նյութեր են, որոնցում ներկայացված են նաև իր հոր զոհվելու հանգամանքները: «Այդ լուռ ընթերցանության ամեն մի էջը ես ողողել եմ ներքին արտասուքներով»,- խոստովանել է արվեստագետը և ավելացրել, որ «Մեր սուր սյուժեով ժամանակաշրջանը ձգտում է բեմ հանել ինչ-որ մի բան մեր շրջապատում կատարվողից»:

Ավելացնենք, որ ներկայացման պրեմիերայի օրը համընկնում է Մարկ Ռոզովսկու ծննդյան 80 –ամյակին և մոսկովյան թատերասեր հանրությունը դա ընկալում է, որպես վարպետի յուրահատուկ անակնկալը իր հանդիսատեսներին:
    Դիտվել է 883 անգամ