Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիսկոնտիի ֆիլմը և ներկայացման էրոտիկ մտասևեռման վերլուծությունը

04.27.2017

Անգլիայի մայրաքաղաքի 2017թվականի թատերական կյանքի կարևոր իրադարձություններից մեկը կհամարվի մայիսի 20-ին հանդիսատեսի դատին հանձնվելիք «Մտասևեռում» ներկայացումը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս «Տաղանդավոր պարոն Ռիփլին» գեղարվեստական կինոնկարում և «Երիտասարդ հայրիկը» հեռուստասերիալում հաջողությամբ նկարահանված և համբավ ստացած Ջուդ Լոուն: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացումը բեմադրվել է Լուկինո Վիսկոնտիի 1943 թ.-ին նկարահանած համանուն ֆիլմի մոտիվներով, որի սյուժեն, իր հերթին, հիմնված է Ջեյմս Քեյնի հայտնի քրեական-էրոտիկ «Փոստատարը զանգահարում է կրկնակի» վեպի վրա:

Լոուն խաղում է գեղեցկատես ավանտյուրիստ Ջինոյի դերը, որը սիրուհու հետ սպանում է նրա ամուսնուն:

Ներկայացումը բեմադրել է հոլանդացի ռեժիսոր, Լոուրենս Օլիվյեյի և «Թոմի» մրցանակների դափնեկիր Իվո վան Հովը: Ներկայացման մեջ հանդես են գալիս 3 անգլիացի և երեք հոլանդացի դերասաններ:

«Guardian»-ը գրում է, որ «Վան Հովը և ներկայացման դիզայներ Յան Վերսվեյվելդը սյուժեն առանձնացնում են իրականությունից: Գործողության հատուկ տեղ չի նշանակված: Բեմում ոչինչ չկա, բացի ավտոմեքենայի շարժիչից, ջրասայլակից և դռներից: Ներկայացումը տևում է 100 րոպե և ընթանում է առանց ընդմիջման: Այն վերածվում է էրոտիկ մտասևեռման վերլուծության, սակայն առանց Վիսկոնտիի մթնորտ առաջացնող դետալների: Կինոյում պարզ է դառնում, թե ինչու է Ջինոն իրեն մեկուսի իրավիճակում, թշվառության թակարդում զգում, այստեղ դա ակնհայտ չէ, թե ինչու է նա ցանկանում փախուստի դիմել»:

Շատ քննադատներ առանձնացնում են Լոուի խաղը, որը «մկանուտ է, հաճախակի փոփոխվող տրամադրությամբ և սպանություն գործելուց հետո մեղքի տառապանք առաջացնող զգացումները գերազանց ցուցադրող»:

Ի դեպ, «Guardian»-ը առավել մեծ գովասանքներ է հղում Լոուի խաղընկերուհու Հալինա Ռեյնի հասցեին, որը, ըստ թերթի կարողացել է հիանալի պատկերել միայնակությունը, գործնականությամբ համեմված թախիծը:

Սակայն շատ քննադատների կարծիքով «Մտասևեռում» ներկայացման հեղինակներին չի հաջողվել ամբողջությամբ վերարտադրել Վիսկոնտիի ֆիլմի ոգին: «Ինչ-որ բան կորել է էկրանից բեմ փոխադրելիս: Առաջանում է բեմադրությունից կտրվելու տարօրինակ զգացողություն, սառնություն: Երկխոսությունները ցրված են, և մի շարք պահերի սահմանակցվում են խելագարությանը»,- գրել է «Stage» թատերական հրատարակության մասնագետ Նատաշա Թրիփնին:

Այնուամենայնիվ, Լոնդոնի թատերասերները սպասում են այս ներկայացման պրեմիերային, որը Բրիտանիայի մայրաքաղաքում մեկ անգամ ցուցադրվելուց հետո կներկայացվի Վիենայում, Ամստերդամում և Լյուքսեմբուրգում:
    Դիտվել է 1044 անգամ