Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆարսի, թե՞ ողբերգության ականատեսներ

05.10.2017

Համաշխարհային գրականության երեք մեծություններ՝ Սերվանտեսը, Միխայիլ Բուլգակովը և Ժակ Պրեվերը մայիսի 15-ին ոգեղեն հանդիպում կունենան Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում: Այդ հանդիպման համար առիթ է ծառայել սերվանտեսյան հայտնի Դոն Կիխոտը, որի դասական սյուժեն բեմական կերպարների և իրադարձությունների տեսքով կներկայացնի այդ թատրոնի ռեժիսոր Միխայիլ Լևիտինը:

«teatral-online.ru»-ի փոխանցմամբ Լեվիտինը սերվանտեսյան սյուժեն մասնակիորեն լրացրել է Բուլգակովի նույնանուն պիեսի դրվագներով և Պրեվերի բանաստեղծություններով:

«Գալիս է այնպիսի ժամանակ, երբ պետք է բեմադրվի այն, ինչը դու ամենալավը գիտես այդ րոպեին՝ հասակի մասին: Մարդու հանելուկային կյանքի ժամանակը, գուցե և, ամենահետաքրքիրն է, եթե այն ընթանում է արժանապատվորեն: Ինչպես Դոն Կիխոտի դեպքում, որն, արդեն, շարունակվում է ավելի քան 400 տարի: Նա չի ծերանում և չի երիտասարդանում: Նա շատ հարգարժան տարիք ունի: Այդ հասակում նա կարողանում է իրեն դրսևորել որպես փայլուն, համարձակ, գեղեցիկ և բարի երիտասարդ»,- ասում է Միխայիլ Լևիտինը:

«Այս ներկայացումը,- ասում է բեմադրության գլխավոր կերպարը մարմնավորող դերասան Բորիս Ռոմանովը,- մարգինալի զբոսանք է, մարդու, որը գոյություն ունի և իր մեջ է պահում 400 տարվա մշակույթ և, որը դուրս է եկել զբոսանքի մահից առաջ: Նրան հետաքրքրում է, թե ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչպիսի՞ն է թողնում աշխարհը հեռանալուց առաջ, ու՞մ է հարկավոր Սերվանտեսի «Դոն Կիխոտը: Գուցե այն, ընդհանրապես, որևէ մեկին այլևս պետք չէ՞»:

Ներկայացումը թեև հանդիսատեսին է մատուցում բազմաթիվ դառը իրավիճակներ, միաժամանակ, հագեցած է կոմիկական տեսարաններով: Այս առումով դժվար թե բոլոր հանդիսատեսները կարողանան կողմնորոշվել, իրենք ֆարսի, թե՞ ողբերգության ականատեսներ են:
    Դիտվել է 855 անգամ