Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը հանդես է գալիս որպես շարժման առաջատար

09.30.2017



Ռուսաստանում հանդիսատեսներին դեպի թատրոն գրավելու մի եղանակի էլ վերածվում է «Թատերական լեկտորիումները»: Հանդիսասրահներում դասախոսություններով հանդես են գալիս երկրի մասնագիտական լավագույն ուժերը, հայտնի գիտնականներ և տեսաբաններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Որպես այդ շարժման առաջատար հանդես է գալիս Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը, որը նախկինում համանման աշխատանքի որոշակի փորձ է կուտակել և այդ հիմքի վրա 2017թ.-ին հանդես է գալիս նոր մասշտաբային դասախոսությունների ծրագրային փաթեթով:

Այս տարի հանդիսատեսներին հասցեագրվող դասախոսությունները կընթանան երկու կուրսով՝ արտասահմանյան թատրոնի պատմություն և դրան զուգահեռ՝ ռուսական դրամատուրգիայի պատմություն:

Այս տարի ժամանակագրական առումով դասախոսությունները կընդգրկեն անտիկ թատրոնից մինչև 18-րդ դարը: Իսկ եկող տարի ծրագրի հեղինակները նախատեսում են դասախոսաությունների շրջափուլը հասցնել մինչ մեր օրերի արտասահմանյան թատերական մշակույթի թեմաներին:

Բացի այդ, դասախոսությունների ունկնդիրներին կմատուցվի ռուսական դրամատուրգիայի 19-րդ դարի պատմությունը, որը համաշխարհային թատրոնը հարստացրել է ռուսական սյուժեի յուրահատուկ տրամաբանությամբ ու մթնոլորտով:

- Մենք կընտրենք մեծ պիեսներ, այնպիսիք, որոնք հանդիսանում են 19-րդ դարի «ռուսական» սյուժեի իրադարձություններ, որոնց ինքնին ընթերցումն իսկ կբերի բացահայտումներ,- ասել է Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտի պրոֆեսոր Իննա Սոլովևան:

Նա տեղեկացրել է, որ դասախոսությունների շարքը սկսելու է հոկտեմբերի 22-ից և այն նվիրելու է Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» պիեսին: Այնուհետև կհաջորդեն Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդեսը» և այլն:

Ի դեպ, շեքսպիրագետ, Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտի դասախոս Ալեքսեյ Բարտոշևիչի դիտարկմամբ, մարդիկ սկսել են դասախոսությունների հաճախել: Նա զարմացած է հետաքրքրության այդ ալիքով և ենթադրում է, որ այդ ձգտումի մեջ ինչ-որ մի բան կա, որը կարող է ուսումնասիրության հիանալի թեմա դառնալ որևէ խելացի սոցիալական հոգեբանի համար:
    Դիտվել է 865 անգամ