Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տարրեր» օպերան առաջարկում է ապակառուցել արտասանությունը

10.23.2017


Մոսկվայում ընթացող «Տեսնել երաժշտությունը» համառուսաստանյան երկրորդ փառատոնի շրջանակներում օրերս Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչեկոյի անվան երաժշտական թատրոնը ներկայացրել է միջոցառման ծրագրով անցկացված «Կոոպերացիա» օպերային լաբորատորիայի արդյունքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այդ նախագծով ներկայացվել է երիտասարդ կոմպոզիտորների և դրամատուրգների 8 մինի-օպերա: Ստեղծագործությունները գրվել են 2017թ.-ի ամռանը: Դրանք բոլորն էլ բեմադրվել են այս գաղափարի հեղինակ Եկատերինա Վասիլևայի կողմից:

Մինչ այս աշխատանքները սկսելը, երիտասարդ հեղինակները նախ մասնակցել են վարպետաց դասերի, որտեղ տեսական մասի ընդհանուր թեման վերաբերել է օպերային ժանրի էվոլյուցիային: Դասախոսները՝ կոմպոզիտորները և երաժշտագետները բացատրել են, թե որ ուղղությամբ է օպերային ժանրը զարգացել 20-րդ դարում և ինչպիսին կլինի այդ զարգացման ընթացքը 21-րդ դարում:

Սակայն մի բան են տեսական դատողություննները և բոլորովին այլ բան իրական ստեղծագործություններ հորինելը:

Պարզվել է, որ ապագայի օպերա ստեղծելը այնքան էլ դյուրին գործ չէ: Նոր գեղագիտության և լեզվի որոնում արձանագրվել է միայն մեկ ստեղծագործության մեջ: Կոմպոզիտոր Կիրիլ Շիրոկովը և լիբրետոյի հեղինակ Նատաշա Բորենկոն փորձել են իրենց «Տարրեր» ստեղծագործության մեջ ապակառուցել արտասանությունը՝ բառերը կոտորակելով ավելի փոքր միավորների (ձայների և վանկերի): Մնացած հեղինակները ապավինել են ավանդականին:

Ասենք, որ փառատոնին ներկայացված բոլոր 8 գործերն էլ, այնուամենայնիվ, ձևավորում էին օրգանական աշխատանքներ՝ իրենց ներքին դրամատուրգիայով և տրամաբանությամբ: Սա կարելի է մի հաջողված փորձ համարել օպերային արվեստի նոր մեխանիզմների թարմացման ուղղությամբ:

Եթե նկատի ունենանք, որ մինչև «Կոոպերացիա» փառատոնային նախագիծը Ռուսաստանում բոլոր առաջատար թատրոնները անտեսում էին կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչներին, ապա այս փորձը, ըստ որոշ մասնագետների, ուղղակի հեղափոխություն է:

Բացի դրանից նախագիծը, փաստորեն, հիմնավորում է նոր կրթական ձևաչափ: «Մեկ ընդհանուր սեղանի շուրջ» սովորել աշխատել դրամատուրգի և ռեժիսորի հետ, որը կոմպոզիտորը չի կարող ստանալ ոչ բուհում, ոչ էլ, անգամ, արտասահմանյան վերապատրաստումների ժամանակ:

Իսկ Ռուսաստանի երաժշտական թատրոնների «Տեսնել երաժշտությունը» 2-րդ փառատոնը այս տարի իր հարկի տակ է հավաքել 30 ներկայացում: Դրանք օպերաններ ու օպերետներ են, նաև՝ բալետ ու մյուզիքլ, երաժշտական ողբերգություններ և լիրիկական տեսարաններ: Մի խոսքով այս միջոցառումը ներկայացնում է ժամանակակից ռուսական ամենահետաքրքիր և բազմաժանր երաժշտական բեմադրությունները:

Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին
    Դիտվել է 1047 անգամ