Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհասկանալի եղանակով վերարտադրել է Բախի երաժշտության կոնկրետությունը

10.28.2017

Լյութերական եկեղեցում ծիսական արարողության համար գրված Բախի «Կրքեր ըստ Մաթեոսի» ստեղծագործությանը համարժեք է կաթոլիկական կրոնի հետևորդ խորեոգրաֆ Ջոն Նոյմայերի համանուն ներկայացումը, որը մեծ հաջողությամբ օրերս ցուցադրվել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում: Այդ մասին ռուսական «Կոմմերսանտ» պարբերականի փորձագիտական եզրակացությունն է փոխանցում «taglur.am»-ը:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի բալետը երկար տասնամյակներ ղեկավարող Նոյմայերի այս գործը համարվում է 20-րդ դարի խորեոգրաֆիական պատարագի հայտնագործություն: Ինքը Նոյմայերը երկար ժամանակ այս մասշտաբային գործում ինքն էլ է հանդես եկել: Նա կատարել է Քրիստոսի դերը (վերջին անգամ՝ 2005թ.-ին, 65 տարեկան հասակում): Իր այս գործը բեմադրելու համար ամենահարմար բեմահարթակը նա համարում է Համբուրգի սուրբ Միքայել տաճարը: Մոսկովյան դահլիճում այս ներկայացման համար բեմի էին վերածվել նաև հիմնական բեմի կիսակլորի շարունակությունը դարձրած պարտերի տարածքը, ամֆիթատրոնի աստիճանները, որտեղ արտիստները միզանսցենները ներկայացնում էին հանդիսատեսների միջավայրում:

Ըստ ականատեսի գնահատման այս բեմադրության մեջ Նոյմայերին հաջողվել է ինչ-որ անհասկանալի եղանակով վերարտադրել Բախի երաժշտության կոնկրետությունը , և մետաֆիզիկականությունը, նրա գաղտնի զգայունակությունը և բացահայտ հոգևոր պաթոսը:

Խորեոգրաֆը միմյանց էր տարալուծել դասական պարը, հին ու պարզունակ մնջախաղը, մարմնի էքսպրեսիան արտահայտելու ժամանակակից ձևերը և ժեստերի վերժամանակյա խորհրդանշանների լեզուն, որոնք թեև բարդ էին, բայց, հանրագումարում, նաև շատ հասկանալի էին հանդիսատեսին:

Այս բեմադրության մեջ խորեոգրաֆը մանրակրկիտ հետևել է աստվածաշնչյան տեքստին և դրա համար գտել համապատասխան անալոգը պլաստիկայի մեջ: Տեքստին հավատարմությունը բոլորովին չի նշանակում, որ Նոյմայերի «Կրքեր ըստ Մաթեոսի» գործում խորեոգրաֆիան ընկալելի կարող է լինել միայն Աստվածաշունչը լավ իմացող ընթերցողին: Իսկ եթե տեսարաններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, ապա դրանց դիտարժանությունը թույլ է տալիս ուղղակի ըմբոշխնել տեսարանի վերացական տպավորությունները:

Վերացարկմամբ բավարարվելու այդ արտոնությունները հանդիսատեսին ասես թույլ տալու համար Նոյմայերը բոլոր հանգուցային տեսարանները (գավաթի մասին Քրիստոսի աղոթքը, ձեռքերը լվացող Պիլատը, Պետրոսի ինքնախարազանումը, Հուդայի ինքնասպանությունը, մահապատիժը Գողգոթայում) ներկայացված են քրիստոմատեական ճշգրտությամբ և որևէ մեկնաբանության կամ բացատրության խնդիր չեն առաջացնում:

Ներկայացման մեջ Նոյմայերը հոյակապ է շարժում բալետի մասսայական տեսարանները՝ միմյանց հաջորդելով ակադեմիական սիմետրիան և ասիմետրիկ ամենաթողությունը: Թատերախումբը, որ հանդես է գալիս հանդիսատեսից մեկ ձեռքի չափ հեռավորությամբ, զարմացնում է ոչ այնքան շարքերի հստակությամբ և պրոֆեսիոնալիզմով (Նոյմայերի, արտիստական դպրոցի մասին շատ լեգենդներ կան), որքան նրանց կենտրոնացվածությամբ և ծիսական գործողության մեջ խորասուզումով: Այնպես որ արհեստական արցունքները, որ, թվում է, ուր որ է պետք է դուրս ցայտեն արտիստների աչքերից , իրականի տպավորություն են թողնում և ընդգծում կերպարների անվերապահ հավատն առ աստված:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1019 անգամ