Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2017թ.-ին թատրոնի ոլորտում լավագույնները՝ ըստ հանդիսատեսների

12.05.2017

Նախօրեին Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում կայացել է ռուսական թատրոնի հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Զվեզդա տեատրալա» («Թատերասերի աստղ») մրցույթի ամփոփումը և հաղթողների անունների հրապարակման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Զվեզդա տեատրալա» մրցանակաբաշխությունը իր տեսակի մեջ յուրահատուկ թատերագիտական գնահատական է, որովհետև հաղթողները որոշվում են հանդիսատեսների քվեարկությամբ: Այս տարի այդ արարողությանը, որը մեկնարկել էր հունիսի 10-ին և եզրափակվել նոյեմբերի 30-ին, մասնակցել է 90 հազար մարդ:

«Արտասահմանյան լավագույն ռուսական թատրոն» անվանակարգում առաջնությունը տրվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գործող Լեսա Ուկրաինկայի անվան դրամայի ազգային թատրոնին:

«Լավագույն երաժշտական ներկայացում» է ճանաչվել «Մոսկվայի օպերետ» թատրոնում բեմադրված «Աննա Կարենինան»: Բացի այդ այս թատրոնը ճանաչվել է թատերաշրջանի ընթացքում տոմսերի վաճառքով առաջատարը և ստացել է տոմսեր իրացնող ռուսաստանի խոշորագույն «Ticketland.ru» ընկերության հատուկ մրցանակը:

«Երեխաների և պատանիների համար լավագույն ներկայացում» անվանակարգում Թատերասերների կողմից հաղթողի աստղ է ստացել Սացի անվան մանկական երաժշտական թատրոնի «Անճոռնի ճուտիկը» օպերան, որի բեմադրող ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը:

Ի դեպ, մրցութային հանձնաժողովի աչքից չի վրիպել նաև «Զվեզդա տեատրալա» մրցույթի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալած թատրոնը, որը քարոզում է մրցանակաբաշխության անցկացման կարևորությունը՝ դրանով իսկ քաղաքացիների շրջանում տարածելով թատրոնի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն: Այդ առումով հատկապես առանձնացվել է Սանկտ-Պետերբուրգի «Նա նևե» («Նևայի վրա») թատրոնի կատարած աշխատանքը: Այդ թատրոնի ղեկավարությանն է հանձնվել հատուկ դիպլոմ:

Թատերասերների քվեարկությամբ մրցանակներ են բաժանվել նաև երկրորդ պլանում լավագույնը ճանաչված կնոջ և տղամարդու կերպարներ մարմնավորած, ինչպես նաև կինոյում լավագույնս հանդես եկած թատերական արտիստները: Մրցանակով է առանձնացվել նաև արդեն իրականացված լավագույն սոցիալական «Մաուգլու սերունդ նախագիծը:

Ռուսաստանցի հանդիսատեսները 2017թ.- իրենց «սիրելի թատրոն» են համարել «Մոսսովետի» անվան թատրոնը: Իսկ տղամարդ դերասաններից լավագույն են ճանաչել Ալեքսանդր Կալյագինին, որն իր ղեկավարությամբ գործող «Et Cetera» թատրոնում մարմնավորել է գոգոլյան հայտնի կերպարին՝ Խլեստակովին՝ այստեղ բեմադրված «Ռևիզոր:Վարկած» բեմադրության մեջ:

Այս տարի ռուսաստանյան թատերական համայնքի լավագույն ռեժիսորը ըստ «Զվեզդա տեատրալա» մրցույթի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասն է, իսկ նոր բեմադրած «Արքա Էդիպը» համարվել է «Մեծ ձևի մեջ լավագույն ներկայացումը»: «Փոքր ձևի մեջ լավագույն ներկայացումը» նույնպես ռուսաստանում գործող մերձբալթյան ծագմամբ ռեժիսորի է բաժին հասել: Դա Մինդաուգաս Կարաբաուսկասն է, որը Մայակովսկու անվան թատրոնում բեմադրել է Մարիուս Իվաշկյավիչուսի «Վտարում» պիեսը:

«Զվեզդա տեատրալա» մրցույթում կա նաև «Բեմի լեգենդ» անվանակարգը: 2017թ.-ին այդ պատվավոր կոչմանը արժանացել են Իրինա Միրոշնիչենկոն (Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոն) և Ալեքսանդր Շիրվինդտը (Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար):

    Դիտվել է 804 անգամ