Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանաստեղծությունների մեջ ներթափանցելով բաբախում է մեր ժամանակը

02.07.2018


Թեև արդեն երրորդ տարին է, որ շենքի վերանորոգման ձգձգման պատճառով «Սատիրիկոն» թատրոնը հանդես չի գալիս Ռուսաստանի մայրաքաղաքի «Մարինա ռոշչա» վայրում գտնվող իր սեփական բեմահարթակում և հյուրի կարգավիճակով ներկայացումները ցուցադրում է մոսկովյան տարբեր հարթակներում, այնուամենայնիվ հասցնում է իր խաղացանկը թարմացնել նոր և հետաքրքիր բեմադրություններով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս անգամ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Ռայկինը նոր բեմադրությունը վստահել է իրենց թատերախմբի երիտասարդ անդամներին: Ներկայացման համար հիմք են ծառայել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները: Երիտասարդ բեմադրիչներ Մարինա Դրովոսեկովան և Սերգեյ Սոտնիկովը իրենց այս աշխատանքը անվանել են «Չպուշկին», ակնահայտորեն նկատի ունենալով այն, որ ներկայացման տեքստային մասը կազմված է ոչ թե ռուս մեծ դասականի, այլ այսօրվա բանաստեղծների գործերից արված հետաքրքիր ծաղկաքաղով:

«Բանաստեղծությունները ներկայացման համար ընտրել են իրենք՝ երիտասարդ սատիրիկոնականները, դրացից կազմելով մի փունջ հույս և ցավ, երգիծանք և ողբերգություն, երջանկություն և սեր»,- նշել են թատրոնի մամլո ծառայությունում՝ ավելացնելով, որ մոլեգնորեն բացահայտ բանաստեղծությունների մեջ ներթափանցելով բաբախում է մեր ժամանակը, մեր դարը: «Սա ժամանակն է՝ մենք ենք, սա «Չպուշկին» է»:

Ասենք, որ երիտասարդ արտիստները նաև ներկայացման մեջ հնչող երաժշտության ձայնագրությունն են կատարել՝ ընդօրինակելով «Վզաիմնո, Իլյա» երաժշտախմբի բնույթին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ասելով, ներկայացումը հասցեագրված է նախ երիտասարդ հանդիսատեսներին, սակայն այն անհետաքրքիր չի լինի նաև ավագ սերնդի համար:

Ասենք, որ ներկայացումը կկայանա այսօր Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի մշակույթի պալատի 3-րդ բեմահարթակում:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 835 անգամ