Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվգենի Վախթանգով -135

02.13.2018

Այսօր լրանում է ծագումով հայ, 20-րդ դարի ռուսաստանցի թատերական հայտնի գործիչ, ռեժիսոր Եվգենի Վախթանգովի ծննդյան 135-ամյակը:

Մոսկվայում մեծանուն ռեժիսորի անվան հետ կապված մշակութային երկու հանրահայտ հաստատություններ կան նրա անունով թատրոնը և թատրոնին կից Շչուկինի անվան ինստիտուտը: Երկուսն էլ գտնվում են Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ միմյանցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ:

Վախթանգովի անվան թատրոնից մի քանի նրբանցք հեռու, դրանցից մեկում, որը կոչվում է Դենեժնու նրբանցք, այն տունն է, որտեղ ռեժիսորը ապրել է իր կյանքի վերջին տարիներին: Հիմա այն վերածված է թանգարանի:

Վախթանգովը, որը համարձակվեց վերաիմաստավորել Ստանիսլավսկու և Մեյերհոլդի մեթոդները, ընդամենն իրականացրել է 8 բեմադրություն: Կարելի է ասել, որ դրանցից ամեն մեկը դարձել է թատրոնի պատմության մեջ մի նոր էջ:
Ստանիսլավսկու մեթոդին հետևելով՝ նա փնտրում էր իրենը:

Մահից քիչ առաջ Վախթանգովը պլանավորում էր բեմականացնել Աստվածաշունչը: Իսկ վերջին իրականացված աշխատանքը եղավ «Արքայադուստր Տուրանդոտը», որը մինչև այսօր էլ համարվում է նրա հիմնած ու նրա անունը կրող թատրոնի խորհրդանիշը: Այդ ներկայացումն էր, որ որոշեց արվեստում վախթանգովյան ուղղությունը, որը կոչվում է երևակայական ռեալիզմ: Այդ ներկայացման պրեմիերային ինքը՝ բեմադրիչը ի վիճակի չեղավ ներկա լինել: Նա արդեն անկողնային հիվանդ էր և մահացավ այդ իրադարձությունից 3 ամիս անց:

Եվգենի Վախթանգովը ապրեց ընդամենը 39 տարի:

Անցած ավելի քան մեկ դարում վախթանգովյան թատրոնը և դպրոցը շատ խութերի միջով է անցել ու շատ դափնիներ վաստակել: Այն այսօր համաշխարհային թատերական մշակույթի մասն է և առաջատար ուժերից մեկը:
    Դիտվել է 1212 անգամ