Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպայի ամենամեծ ծաղրածուական թատրոնին սպառնում է առանց տանիք մնալու վտանգը

02.15.2018

Սեփական լեգենդար պատմությունն արդեն կես դար հյուսող պետերբուրգյան թատրոններից մեկը՝ Վյաչեսլավ Պոլունինի հիմնած «Լիցեդեյի» թատրոնը հայտնվել է առանց տանիքի մնալու վտանգի առջև: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բանն այն է, որ թատրոնը, որը 2009թ.-ից գործում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Տոլստոյ-սկվեր» կոչվող առևտրային համալիրի վերին հարկերում, չի կարողանում վճարել զբաղեցրած տարածքի վարձը:

Եվրոպայում ամենամեծը համարվող ծաղրածուական թատրոնի պարագայում այս խնդրի զավեշտալին այն է, որ առևտրային համալիրը, որին այս մշակութային հաստատությունը վարձ է վճարում, կառուցվել է այն հողակտորի վրա, որը դեռևս 2002թ.-ին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ հատկացված է եղել հենց այս թատրոնին: Իրեն պատկանող հողակտորում ուրիշի կառուցած շենքում թատրոնը տարածությունը վարձակալել էր կես գնով: Դա էլ եղել է հողատիրոջը առևտրային կենտրոնի կողմից արված զեղջը:

Իսկ իր շենքում մշակութային հաստատության առկայությունը «Տոլստոյ-սկվեր»-ի համար ունեցել է այն առավելությունը, որ թատրոնի շնորհիվ արդարացվել է քաղաքի պատմամշակութային կենտրոնում նման կառույցի գոյությունը: Բացի դա, շնորհիվ թատրոնի առևտրային կազմակերպությունն ազատվել է քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար պարտադիր հարկերի վճարումներից: Հետաքրքիր է նշել, որ «Տոլստոյ-սկվեր»-ի ընդհանուր մակերեսը 26 հազար քառակուսի մետր է, իսկ այդ համալիրի վերին հարկերում գտնվող թատրոնը զբաղեցնում է հսկայական մակերեսի միայն 7 տոկոսը:

Սակայն, այսօր իրավիճակը փոխվել է և առևտրային կազմակերպությունը փորձում է ազատվել մշակութային հաստատությունից և դա իրականացնելու համար բարձրացրել է վարձի չափը:

«Որոշ բիզնեսմեններ անտեսում են սեփական խիղճը և մարդկային արժանապատվությունը: Նրանք թքած ունեն արվեստի վրա, որը մարդկանց բերում է ուրախություն: Նրանց համար գլխավորը հաշվի վրա զրոների թիվն է: Չէ՞ որ ավելի շահեկան է թատրոնին դուրս անել և ազատված տարածքը տրամադրել կահույք վաճառողներին, որոնք վարձավճարի համար չեն պահանջում հատուկ զեղջի պայմաններ»,- ասել է «Լիցեդեյի» դերասան Վիկտոր Սոլովյովը:

Թատրոնի ու առևտրային համալիրի միջև ձևավորված այս թնջուկը ունի մի քանի տարվա պատմություն, իսկ 2017թ.-ի գարնանից հայտնվել էր դատական գործընթացի մեջ, որը 2018թ.-ին ավարտվել է թատրոնի պարտությամբ: Սանկտ-Պետերբուրգի քաղաքային իշխանություններն այս անգամ չեն աջակցել արտիստներին:
    Դիտվել է 986 անգամ