Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարգարիտա Միքայելյանը դեռ 50 տարի առաջ է հավատացել Կառլսոնի գոյությանը

03.03.2018

Ուղիղ 50 տարի առաջ Մոսկվայի Երգիծանքի թատրոնում ռեժիսոր Մարգարիտա Միքայելյանը (1927-2004թթ.) դերասան Սպարտակ Միշուլինի (1926-2005թթ) գլխավոր դերակատարմամբ բեմադրեց Ասթրիդ Լինդգրենի հայտնի հերոսի՝ տանիքում ապրող Կառլսոնի մասին պատմությունը: Դա, ընդհանրապես, աշխարհում մեծերի ու փոքրերի սիրած հերոսին բեմ հանելու առաջին փորձն էր: Նույնիսկ ավելի առաջին, քան դա հետո պիտի արվեր Շվեյցարիայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այսօր՝ մարտի 3-ին, այդ հիշարժան պրեմիերայից կես դար անց, Երգիծանքի թատրոնը 2629-րդ անգամ հանդիսատեսին կներկայացնի մեջքին պտուտակ ունեցող սիրված հերոսի մասին իր ներկայացումը:

Դերասան Սպարտակ Միշուլինի համար (Կառլսոնի առաջին և չգերազանցված դերակատարի համար) դա ներկայացում էր մանուկի միայնակության մասին, այն մասին, որ ծնողները հաճախ ժամանակ չեն ունենում իրենց փոքրիկի վրա ուշադրություն դարձնելու, և այդ պատճառով, նա իրեն միայնակ է զգում մինչև այն պահը, քանի դեռ չի հավատացել Կառլսոնի գոյությանը: Այո, Երգիծանքի թատրոնի Կառլսոնը միշտ եղել է մեծ երեխա և նա ունի մանկական հոգի:

«Ասթրիդ Լինդգրենը ահազանգում է այն վտանգի մասին, որով ծածկված է ողջ աշխարհը: Հավերժ զբաղված մեծերը դադարել են հասկանալ երեխաներին և նրանց միայնակությունը: Հեղինակը, ինչպես միջնադարյան ասպետ, առաջ է նետվել երեխաներին պաշտպանելու համար՝ կամավոր իր վրա վերցնելով այդ ծանր բեռը»,- ասում էր Մարգարտա Միքաելյանը:

Նա միշտ նշում էր, որ ամեն անգամ «Փոքրիկը և Կառլսոնը, որը ապրում է տանիքում» ներկայացման դերասաններին հիշեցնում է, որ խաղան միմյանց հանդիպած երկու միայնակ երեխաների մասին թախծոտ պատմություն:

«Դահլիճում մարում է լույսը: Նեղ ճառագայթը սողալով բարձրանում է վեր և նրա մեջ հայտնվում է Կառլսոնը (Սպարտակ Միշուլինը): Նա կարծես օրորվում է օդում: Նա թռչում է Փոքրիկի հետ հանդիպման»,- ներկայացնում էր Մարգարիտա Միքայելյանը և ավելացնում, որ երեխաները միշտ (նաև այսօր) նրան դիմավորում են հիացական ծափահարություններով:

«Նրանք սիրահարվեցին Կառլսոնին առաջին հայացքից, իսկ մեծերը հիշում են իրենց մանկությունը»,- այս էր ռիժիսորի եզրակացությունը ամեն ներկայացումից հետո:

Լույսերը վառվում են: Դահլիճում մթնոլորտը լցված է բարությամբ, ուրախությամբ, սիրով...

Միշուլինի կերտած Կառլսոնը միշտ նորովի էր նվաճում հանդիսատեսների սրտերը: Եվ դա մի քանի սերունդ անընդմեջ:

Այսօր մոսկովյան թատրոնում այդ կերպարը հերթով մարմնավորում են երկու դերասաններ՝ Սերգեյ Չուրբակովը և Պավել Միսաիլովը:

Հանդիսասրահում ազատ տեղ չկա: Կրկին անշլագ է:
    Դիտվել է 920 անգամ