Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնշեն սերունդների կոնֆլիկտը պատկերողի հոբելյանը

05.24.2018


Այսօր, մայիսի 24-ին, Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնն հանդիսատեսին կներկայացնի 19-րդ դարի ռուս դասական գրող Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի բեմական տարբերակը՝ նվիրված գրական հուշարձանն ստեղծողի 200-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Հայրեր և որդիներ» վեպը արտացոլում է 19-րդ դարի 60-ական թվականներին ռուսական հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները: Վեպի անզիջում, պրագմատիկ և հեղինակությունների նկատմամբ քամահրալից վերաբերմունք ունեցող գլխավոր հերոս Բազարովի կերպարը այդ ժամանակաշրջանի երիտասարդության համար ծառայում էր որպես օրինակ: Այս ստեղծագործության կենտրոնում երկու սերունդների և նրանց աշխարահայացքների կոնֆլիկտն է, որը հրատապ է բոլոր ժամանակներում:

«Ներկայացման մեջ մենք ցանկացել ենք որպեսզի հանդիսատեսը, ինչպես ժամանակի մեքենայի մեջ, հայտնվի տուրգենևյան ժամանակներում: Ես կարծում եմ, որ, եթե թատրոնը բեմադրում է այսպիսի հեղինակի ստեղծագործություն, ապա պետք է առավելագույնս մոտենալ նրա ժամանակներին»,- ասել է պրեմիերայից առաջ բեմադրության հեղինակ Ալեքսանդր Դմիտրիևը: Նա նաև նշել է, որ այս ներկայացմամբ ինքը փորձում է գրողի նկատմամբ իր սիրով վարակել նաև հանդիսատեսներին, որպեսզի «նրանք բացեն Տուրգենևի վեպը և վերադառնան դանդաղ ընթերցանությանը»:

Եվ ևս մեկ կարևոր նրբագիծ. որպեսի ներկայացման մասնակիցներն առավել լավ ընկալեն հեղինակին. թատերախումբն աշխատանքներն սկսելուց առաջ եղել է Տուրգենևի հայրենական կալվածքում՝ Սպասկոե-Լուտիվինոյում և այն ինչ տեսել ու վերապրել են այնտեղ (հյուրասենյակի դասավորություն, կահույք և անգամ պատերի պաստառը), հնարավորինս տեղափոխել և նյութականացրել են նաև իրենց բեմադրության մեջ:
    Դիտվել է 1124 անգամ