Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրոպան՝ թատրոնին» մրցանակը կշնորհվի մշակութային ֆորումի ժամանակ

06.27.2018


2018թ.-ին բեմարվեստում ձեռք բերած նշանակալից նվաճումների համար սահմանված Եվրոպական թատերական մրցանակաբաշխությունը կայանալու նոյեմբերի 17-ին, Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Այդ մասին Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ֆոկինը նշել է, որ մրցանակաբաշխությունը ընդգրկվել է այդ օրերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Պետերբուրգյան մշակութային ֆորումի ծրագրում, որի ընթացքում, տարբեր երկրներից ժամանած բեմարվեստի հայտնի գործիչների մասնակցությամբ, կանցկացվի մեծ եվրոպական թատերական կոնֆերանս:

Ասենք, որ ինքը՝ Վալերի Ֆոկինը նույնպես անմասն չէ այդ հեղինակավոր մրցանակից, քանի որ ավելի շուտ պաշտոնապես հայտարարվել էր, որ նա է 2018թ.-ի պատվավոր պարգևի դափնեկիրը:

«Եվրոպան՝ թատրոնին» կոչվող հեղինակավոր մրցանակին ռուսական թատերական իրականության մեջ մինչև այժմ արժանացել է մեկ գործիչ և նա, ինչ-որ հանգամանքների բերումով կրկին պետերբուրգյան թատերական դպրոցի ներկայացուցիչ է : Խոսքը Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի մասին է, որն այդ մրցանակին է արժանացել 2000թ.-ին:

«Եվրոպան՝ թատրոնին մրցանակը հիմնադրվել է 1986թ.-ին: Այս պարգևն ստացած թատերական գործիչներից են Փիթեր Բրուքը, Ջորջո Սթրեփերը, Հայներ Մյուլերը, Լուկա Ռոնկոնին, Փեթեր Շթայնը և այլք: Ամեն անգամ այս արարողությունը տեղի է ունենում Եվրոպայի որևէ մի քաղաքում: Սանկտ-Պետերբուրգը որպես մրցանակաբաշխության վայր ընտրվել է 2-րդ անգամ: Առաջին անգամ այս միջոցառումը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի է ունեցել 2011թ.-ին:

Ավելացնենք, որ Եվրոպայի թատրոնների միության և Եվրոպական թատերական կոնվենցիայի օժանդակությունն ստացող այս մրցանակաբաշխությունը դափնեկրին պարգևատրում է 60 հազար եվրոյով:

1990թ.-ին «Եվրոպան՝ թատրոնին» կոչվող մրցանակաբաշխության կողքին սահմանվել է նաև «Եվրոպա-նոր թատերական իրականություն» մրցանակաբաշխությունը, որի դրամական պարգևը կազմում է 30 հազար եվրո և, սովորաբար շնորհվում է նույն միջոցառման շրջանակներում:
    Դիտվել է 976 անգամ