Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կխորհրդանշի թատրոնի կախարդական աշխարհ մուտքը

12.13.2018

Այսօր՝ Դեկտեմբերի 13-ին, Ռուսաստանում մի քանի քաղաքներում տրվեց թատերական տարվա մեկնարկը: Այդ մասին մի շարք ռուսական կենտրոնական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հրամանագրով 2019թ.-ն այդ երկրում հայտարարվել է թատրոնի տարի:

Օրինակ, այսօր, դեկտեմբերի 13-ին, Յարոսլավլ քաղաքում այդ իրադարձության շրջանակներում բացվել է յուրահատուկ ցուցահանդես, որտեղ այցելուների ուշադրությանը կներկայացվեն ռուսական թատրոնի և բեմարվեստի եզակի արժեքներ, որոնք պահվում են Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում:

Դրանք 18-րդ դարի փորանկարչական արվեստի թեմատիկ աշխատանքներ են, տարբեր փաստաթղթեր ու իրեր: Այդ ցուցանմուշները այցելուներին կներկայացվեն ռուսական հանրային թատրոնի հիմնադիր Ֆեդոր Վոլկովի անվան թատրոնում:

Ցուցադրանքը թեմատիկ է և վերաբերում է Ռուսաստանում թատերական արվեստի ծագման պատմությանը: Այստեղ հնարավոր է ծանոթանալ արվեստի այս տեսակի ձևավորման փաստաթղթերի, թատերական արվեստի մեջ իրենց խոսքն ասած մարդկանց դիմանկարների, տարաբնույթ ձեռագրերի, թատերական հին ազդագրերի:

Մոսկվայից Յարոսլավլ է բերվել այդպիսի 48 ցուցանմուշ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 12 մլն ռուբլի:
Ահա այսպես է թատերական տարվա մեկնարկը ավետում ռուսական հանրային թատրոնի ծննդավայրը, որտեղ տեղափոխված թանգարանային ցուցանմուշները կմնան միայն այսօր և դեկտեմբերի 14-ին կվերադարձվեն Մոսկվա՝ իրենց մշտական պահման վայր:

Թատերական տարին այսօր մեկնարկել է նաև Ռուսաստանի հնագույն Նիժնի Նովգորոդ քաղաքում: Այստեղ էլ միջոցառումների գլխավոր շարժիչ ուժը դարձել է հայտնի արտիստ Նիկտա Միխալկովը:

Նա դրամայի թատրոնի առջև հավաքված արտիստների, բազմաթիվ թատերասերների հետ մասնակցել է թատրոնի տարվա բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո քաղաքում մեկնարկել են թատրոնը մասսայականացնելու միջոցառումները:

Քաղաքային թատրոնի պատշգամբից ներկայացվել են հայտնի արիաներ և մենախոսություններ, իսկ կենտրոնական միջոցառումը կլինի Միխալկովի ղեկավարությամբ գործող կինոդերասանի թատրոնի «Մետամորֆոզներ-Շ» ներկայացումը:

Այսօր ողջ օրը Նիժնի Նովգորոդի դրամայի թատրոնի հարևանությամբ կցուցադրվեն տեսաֆիլմեր այս քաղաքի թատրոնների, արտիստների և թատերական կյանքի մասին: Իսկ «Բոլշայա Պոկրովսկայա» փողոցում կգործարկվի լուսադիոդային վարագույր, որը կխորհրդանշի թատրոնի կախարդական աշխարհ մուտքը:

Բացի այդ տարբեր հանրային վայրերում կլինեն նաև պրոֆեսիոնալ և սիրողական թատերախմբերի ներկայացումների ցուցադրություններ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 959 անգամ