Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայան

04.26.2019

Մոսկվայում, կյանքի 92-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայան: Այդ մասին Փոքր թատրոնի տնօրեն Տամարա Միխայլովայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Էլինա Բիստրիցկայան ծնվել է Ուկրաինայում: Ավարտել է Կիևի Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի ինստիտուտը: Աշխատել է Վիլնյուսի դրամատիկական, ապա՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոններում: Նա Մոսկվայի Ակադեմիական Փոքր թատրոնի կազմում իր մասնագիտական գործունեությունը սկսել է 61 տարի առաջ՝ 1958թ.-ին:

Բիստրիցկայան նկարահանվել է նաև կինոյում: Նրան մեծ հռչակ է բերել ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի նկարահանած «Խաղաղ Դոն» կինոնկարում (1957-1958) մարմնավորած կենտրոնական հերոսուհիներից մեկի՝ Աքսինիայի դերակատարումը: Դրանից հետո նա եղել է կինոտաղավարի մշտական տիրուհիներից մեկը և նկարահանվել է խորհրդային հայտնի այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Կամավորները», «Անավարտ պատմություն», «Անմար բոց» «Նիկոլայ Բաուման և այլն:

Բիստրիցկայան զբաղվել է նաև մանկավարժությամբ և դերասանի վարպետություն է դասավանդել Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտում և Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում:

Ըստ նախնական տեղեկությունների, դերասանուհուն վերջին հրաժեշտը նախատեսված է նրա հայրենի թատրոնում՝ երկուշաբթի օրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 776 անգամ