Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանոնը տատանվում է եզրին, ցուցաբերում է սահմանային վարք

05.06.2019

Օրերս Ցյուրիխի օպերայում բեմադրվել է Ժյուլ Մասսնեի «Մանոն» օպերան, որի գլխավոր դերը վստահվել է երիտասարդ երգչուհի Էլզա Դրայզիգին (սոպրանո): Սա արտիստուհու դեբյուտային խոշոր դերակատարումն է սիրո և մահվան, կրքի և հավատի, շքեղության և մեղքի այն միջավայրում, որտեղ ապրում է ներկայացման հերոսուհին: «Ես փորձեր եմ անում, անում եմ այնպես, ինչպես գտնում եմ ճիշտ, ինչպես այն նկարիչը, որը վերցնում է կտավը և ինչ-որ մի նոր բան ստեղծելու ջանք գործադրում:»,- նշել է 27-ամյա երգչուհին և ավելացրել, որ իրոք շատ հետաքրքիր է, թե իրենից ինչպիսի Մանոն կստացվի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Դրայզիգի զուգընկերը հայտնի տենոր Պետեր Բեչալան է:

Աբբա Պրևոյի հայտնի ստեղծագործության հերոս, ազնվական դե Գրիյոյի և Մանոնի անընդունելի սիրո մասին ռեժիսոր Ֆլորիս Վիսսերի այս նոր ընթերցումը իրական մարտահրավեր է 18-րդ դարի սովորություններին:

«Կարելի է Մանոնին համեմատել Կարմենի հետ: Երիտասարդ աղջիկ, որը շատ է տարբերվում մյուսներից, չի ամբողջանում հասարակության հետ... Նա շատ ավելի հետաքրքրասերն է իր ժամանակի համար...»,- այսպիսի կարծիքի է Պետեր Բեչալան բեմական իր սիրո հերոսուհու մասին:

Մանոնը զոհում է իր սերը, որպեսզի վեր բարձրանա սոցիալական սանդուխքով, սակայն այդպիսի որոշման հետևանքների մասին նա չի մտահոգվում:

Ռեժիսոր Ֆլորիս Վիսսերի դիտարկմամբ՝ կայարանում մոռացել են ինչ-որ ճամպրուկ, և նա այն վերցնում է: «Նա չի ամաչում նայել թե ինչ կա դրա մեջ: Մանոնը, իմ կարծիքով, տատանվում է եզրին, ցուցաբերում է սահմանային վարք: Դա նրա բարոյականության բացակայությունն է...»,- նշում է օպերայի բեմադրիչը և իր մտքերի հիմնավորումը տեսնում այն բանում, որ դա ոչ թե Մանոնի երիտասարդական միամտության արդյունք է, այլ անառողջ մարդու վարքագիծ:

«Գործողությունից-գործողություն հերոսուհու բնավորությունը փոխվում է: Այսպես, ամենասկզբում նա մանկական է, միամիտ, անհոգ, սակայն աստիճանաբար մենք զգում ենք, թե ինչպես է աճում դրամատիզմը: Պետք է ուշադիր հետևել թե ինչպես է փոխվում հերոսուհու բնավորությունը, քանի որ հետո վրա է հասնում պահը, երբ անհրաժշտ է առավելագույնս բացահայտել սեփական դրամատիկական պոտենցիալը, այլև երգել կոլորատուրաները»,- ընդգծել է Էլզա Դրայզիգը:

«Սա գրեթե հրեշավոր գայթակղություն է: Ես ձգտում եմ խաղալ այն, թե որքան մեծ է սիրահարվածի հուսահատությունը, թեև հենց սկզբից իմ հերոսը իրեն կորած է զգում»,- վերջում ավելացրել է օպերայի մյուս գլխավոր հերոսի՝ Գրիյոյի պարտիան կատարողը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 747 անգամ