Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրփեոսը և Էվրիդիկեն փոխադրվել են ապագա և արժանացել «Թոնիի»

06.10.2019

Հերթական թատերաշրջանի ավարտին Նյու-Յորքում կայացել է ամերիկյան թատերական աշխարհի գլխավոր՝ 73-րդ «Թոնի» մրցանակաբաշխությունը: 2019թ.-ի լավագույն մյուզիքլ է ճանաչվել «Hadestown» բեմադրությունը:

Այդ երաժշտական թատերախաղում անտիկ ժամանակների երկու հերոսները՝ Օրփեոսը և Էվրիդիկեն փոխադրվել են ապագա: Այնտեղ գլխավոր հերոսին սպասում են փառքի փորձությունները: Իսկ Էվրիդիկեն տառապում է սպասումների և անորոշությունների մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ասենք որ «Hadestown»-ը («Հադեսի քաղաքը») բեմադրվել է ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Էնեիս Միթչելի նույնանուն կոնցեպտուալ ֆոլկլորային ձայնապնակում տեղ գտած երաժշտության հիման վրա:

Այս բեմադրությունը «Թոնի-73»-ի ռեկորդսմենն էր ներկայացված անվանակարգային մցանակների թվով: Դրանք 14-ն էին, որոնցից 8-ը իրականություն դարձան այս մրցանակաբշխության ընթացքում:

Ասենք, որ «Թոնիի» արժանացավ ևս մեկ մյուզիքլ, որն առաջին անգամ բեմադրվել է 1943թ.-ի մարտի 31-ին: Խոսքն այս դեպքում վերաբերում է ժանրի դասական նմուշներից դարձած «Օկլահոմա» երաժշտական ներկայացմանը: Այն «Թոնիի» ստացավ «Լավագույն վերականգնված մյուզիքլ» անվանակարգում:

Ամերիկյան թատրոններում բեմադրված դրամատիկական ժանրի գործերից այս տարի «Թոնիի» արժանացավ «Լաստանավորդը» ներկայացումը: Դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ջեզ Բաթթերուորթի պատրաստած այս ներկայացման իրադարձությունները կատարվում են 1981թ.-ին, Հյուսիսային Իռլանդիայի Արմա կոմսությունում: Այստեղ նախապատրաստվում են բերքահավաքի և նախապես ոչինչ չի ավետում հյուրի հայտնվելու մասին... Հյուր, որը Իռլանդական հանրապետական բանակի զինյալ է:
Այս բեմադրությունը հավակնում էր «Թոնիի» 8 արձանիկի: Վերջնական արդյունքում, սակայն, նրան բաժին հասավ դրանցից 4-ը:

Ավելացնենք, որ «Թոնի-73»-ը Բրոդվեյի լավագույն վերականգնված բեմադրություն հռչակեց «Նվագախմբի անդամները» ստեղծագործությունը:

«Թոնի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի: Այն նշանավորում է ամերիկյան թատերական արվեստի նվաճումներն անցած մեկ տարվա ժամանակահատվածում: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը անվանակոչված է դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և ֆիլանտրոպ Անտուանետ (Թոնի) Փերիի անվամբ, որը կյանքից հեռացել է 1946թ.-ին:

«Թոնի»-ն համարվում է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար», երաժշտական ոլորտի «Գրեմմի» մրցանակաբաշխությունների համարժեքը՝ թատերական արվեստում:

Մրցանակակիրները ստանում են պատվանդանին ամրացված շքանշան, որի մի կողմում պատկերված են անտիկ թատերական դիմակներ, իսկ մյուս կողմում Փերիի կիսադեմը:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 923 անգամ