Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակադեմիան կրթում է սկսնակ հանդիսատեսներին

11.28.2013

Պատանի հանդիսատեսի թատերական ակադեմիան Ռուսաստանում շարունակում է իրականացնել դպրոցականների և նրանց ծնողների համար նախատեսված ինտերակտիվ թատերական-կրթական ծրագրեր: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում սկսնակ հանդիսատեսների հետաքրքրությունը կողմնորոշել դեպի թատրոն, բացատրել նրանց արվեստի այդ տեսակի առանձնահատկությունները, ներկայացնել այսօր գործող ժանրերը, ինչպես նաև պատասխանել այն հարցին, թե ինչու՞ է թատրոնը սկսվում կախիչից և ինչո՞վ է այն ավարտվում:

Առաջիկայում ակադեմիայի ՝ «Բաց բեմահարթակ» նախագծի շրջանակներում այդ ծրագիրը կներկայացվի Մոսկվայի Տվերյան շրջանի թիրախային խմբերին: Նրանց համար ծրագրի մասնակիցները կցուցադրեն առանձին հատվածներ համաշխարհային խաղացանկի այնպիսի ստեղծագործություններից, ինչպիսիք են «Համլետը», «Ռոմեոն և Ջուլիետան», «Եվգենի Օնեգինը». «Տոսկան», «Կարմենը»:

Այդ ծրագրի շրջանակներում հանդիսատեսին սպասվում է ևս մի յուրահատուկ նախագիծ: Արդեն վերականգնվել է և պատրաստ է ներկայացվելու Անդերսենի հեքիաթների հիման վրա բեմականացված Գեդրյուս Մացկյավիչուսի «Տարվա եղանակները» բալետը: Այն վերականգնել է հայտնի բալետմայստեր Տատյանա Բորիսովան:

Չեն մոռացվել նաև ամենափոքր հանդիսատեսները: Նրանց համար ակադեմիայի նախաձեռնությամբ բեմադրվել է մոսկովյան «Ճաշակի թատրոնի» «Ծաղրածու սապիենս» ներկայացումը:

Իսկ ծրագիրը կեզրափակվի Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի բեմադրած «Ալիսան և պետությունը» ներկայացումով, որն, ի դեպ, մտցվել է 2014թ.-ի «Ոսկե դիմակ» մրցանակի թեկնածուների անվանակարգի մեջ:
    Դիտվել է 1078 անգամ