Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այն բանի համար, որպեսզի ես արարեմ և` վերջ

11.28.2013

Մոսկվայի Ազգերի թատրոնում ավարտվեց փոքր քաղաքների թատրոնների 2013թ.-ի փառատոնի դափնեկիր դարձած կոլեկտիվների ներկայացումների ցուցադրանքը:

Փոքր քաղաքներում մշակույթի գլխավոր օջախը, որպես օրինաչափություն, հանդիսանում են թատրոնները, հաղորդում է «tvkultura.ru»-ն և նշում, որ օջախը միշտ վառ պահելու համար անհրաժեշտ է, որ այն ստանա օժանդակություն ամենաբազմազան դրսևորումներով՝ և ֆինանսապես, և երիտասարդ մասնագետներին այնտեղ աշխատանքի ընդունելով, և լավ պիեսներով, և, որ շատ կարևոր է, ընդգծված ուշադրությամբ:

Փառատոնի դափնեկիր թատերախմբերից մեկը՝ Գլազովսկ քաղաքի դրամատիկական թատրոնը մոսկվացիներին ցուցադրեց իր «Թագավորները և կաղամբը» ներկայացումը:

Այս բեմադրությունը բացի վերնագրից ուրիշ ոչ մի ընդհանուր բան չունի Օ-Հենրիի նույնանուն գործի հետ: Նույնիսկ ազդագրում գրվում է, որ դերերը կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Եվ իրոք, ներկայացման մեջ հնչող բոլոր արտահայտությունները վերցված են ռուսաստանցի մարդկանց առօրյա կյանքից: Դա յուրահատուկ փաստավավերագրական խոսքերից ձևավորված ներկայացում է:

«Սա այսօրվա կտրվածքով բավականին մոդայիկ ներկայացում է, որը իրականացվել է ոչ Շեքսպիրի կամ Չեխովի պիեսի հիման վրա: Պարզապես մեր դերասանները վերցնում են ձայնագրիչը և գնում ժողովրդի մեջ: Նրանք հարցազրույցներ են ունենում և ամենատարբեր մարդկանց բարձրաձայնած մտքերից վերցնում են իրենց անհրաժեշտ տեքստերը և դրանց հիման վրա ստեղծում ներկայացումներ»,- պատմում է ուդմուրտական Գլազովսկ քաղաքի «Պարաֆրազ» դրամատիկական թատրոնի ռեժիսոր Դամիր Սալիմզյանովը:

Իսկ ՌԴ փոքր քաղաքների թատրոնների փառատոնի մյուս դափնեկիրը՝ Նովոկույբիշևսկ քաղաքից ժամանած թատերախումբը մոսկվացիներին ներկայացրեց շվեդ դրամատուրգ Ավգուստ Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» պիեսը: Այս դեպքում հեղինակները շոշափել են ոչ թե կենցաղայի ինչ-ինչ խնդիրներ, այլ սիրո և հիասթափության հավերժական հարցեր:

Ռուսաստանի փոքր քաղաքների թատերախմբերի փառատոնի կազմակերպիչները նշում են գավառում աշխաող դերասանների, ռեժիսորների և մյուս աշխատակիցների նվիրվածությունն իրենց ընտրած գործին: Այդ առթիվ, այդ վիճակում, շատ ցածր վարձատրությամբ իրենց գործը կատարող մարդկանց մասին Ազգերի թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը ասել է, որ նրանք գործում են հետևյալ մտայնությամբ. «… Անհրաժեշտ է հասկանալ, ինչու եմ ես սա անում: Այն բանի համար, որպեսզի ես արարեմ և վերջ»:

Համանման հաջորդ փառատոնը Ռուսաստանում կկայանա 2014թ.-ի հունիսին՝ Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքում:
    Դիտվել է 1156 անգամ