Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմությունը սկսվում է Նեապոլում

10.30.2019


Այսօր, հոկտեմբերի 30-ին, Ռուսաստանի հնագույն թատրոնում, Յարոսլավլ քաղաքի Վոլկովի անվան դրամայի ակադեմիական թատրոնում իտալացի ռեժիսոր Պաոլո Լանդին կներկայացնի «Նեապոլիտանական արձակուրդներ» բեմադրությունը՝ ըստ Էդուարդո Սկարպետայի «Խելագարների տունը» պիեսի: Ներկայացման մեջ ընդգրկված դերասանները իտալերեն կկատարեն ավանդական նեապոլիտանական երգեր և դրվագներ մի շարք օպերաներից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում մանելով «ՏԱՍՍ»-ին:

«Սա իտալական կատակերգություն է, ծիծաղելի, այնտեղ շատ երաժշտություն կա, կա նույնիսկ օպերա, ինտրիգներ, խաբեություն: Պատմությունը սկսվում է Նեապոլում՝ դարասկզբին: Դա մոդեռնի ժամանակաշրջանն է»,- նշել է Լանդին:

Նրա ասելով դերասանները երգերը կկատարեն իտալերեն, որոնց կուղեկցի նվագախմբի կենդանի կատարումը: Հատկանշական է, որ ներկայացման ընդմիջումներին դերասանները շարունակելու են հանդիսասրահի մթնոլորտն ակոսել իրենց իտալական երգ ու երաժշտությամբ:

Ներկայացման սցենոգրաֆիան արտացոլում է մոդեռնի ժամանակաշրջանը Իտալիայի հարավում գտնվող նավահանգստային քաղաքում:

Պիեսի հեղինակային «Խելագարների տունը» խորագիրը փոխվել է ներկայացման մեջ տիրող մթնոլորտը ճիշտ արտահայտելու համար: Բանն այն է, որ ռեժիսորը ենթադրում է, որ «խելագար» բառը ռուսների համար կլինիկորեն չափազանց լուրջ է հնչում: «Մեզ համար, ավելի շուտ, դա նշանակում է անսովոր, ոչ նորմալ»,- բացատրել է ռեժիսորը՝ մեկնաբանելով պիեսի խորագիրը փոխելու իր որոշումը:

Պաոլո Լանդին ծագումով Հռոմից է, բայց արդեն 30 տարի բեմադրություններ է պատրաստում Ռուսաստանի թատրոններում: Նրա կարծիքով ռուսաստանցի դերասանները սեփական խորքերում աշխատանքը համադրում են հիանալի տեխնիկայի հետ: «Այստեղ ավանդույթներ կան, մարդիկ հաճախում են թատրոն, գնահատում են ներկայացումները»,- ընդգծել է Լանդին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1044 անգամ