Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համաճարակի պարտադրած հարկադիր պարապուրդը կհաղթահարեն 2 համերգով և 3 օպերայով

05.06.2020

Իտալիայում նախատեսում են, որ նշանավոր «Լա Սկալա» թատրոնը սեպտեմբերին կրկին կսկսի իր աշխատանքները: Դրա հետ միաժամանակ, ամառային թատերաշրջանը, որը սովորաբար անցկացվում է Կայսր Կարակալայի թերմ կոչվող 3-րդ դարի կառուցի պահպանված ավերակներում, առայժմ չեղյալ չի համարվել: Դեռևս քննարկվում է այն նոր ձևաչափով անցկացնելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Միլանյան աշխարհահռչակ թատրոնը Իտալիայում առաջինններից մեկն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով իր գործունեությունը դադարեցնելու մասին: Այն հարկադիր պարապուրդի պատճառով արդեն կրել է 9 մլն եվրոյի վնաս: Օրերս մշակութային հաստատության գործերի նոր կառավարիչ Դոմինիկ Մեյերը հայտարարել է, որ աշնանը իրենք կներկայացնեն 3 ներկայացումների պրեմիերաներ՝ «Տրավիատա», «Աիդա» (վերականգնված տարբերակ) և «Բոհեմա» օպերաները:

Իսկ թատերաշրջանը կբացվի երկու համերգով: «Լա Սկալայի» արտիստները նախ հանդես կգան ի հիշատակ համաճարակին զոհ գնացածների: Նրանք կկատարեն Վերդիի «Ռեքվիեմը»: Իսկ մյուս համերգը, որի ժամանակ կհնչի Բեթհովենի «9-րդ սիմֆոնիան», կկայանա ի պատիվ կորոնավիրուսի դեմ գիշեր ու զոր կռվող բուժաշխատողների:

Երկու համերգներում էլ նվագախումբը կղեկավարի Ռիկարդո Շայմը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 981 անգամ