Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերաշրջանի բացումը կկայանա...

06.30.2020


Բեռլինի, Դրեզդենի և Բավարիայի պետական օպերային թատրոնները կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց հետո առաջին անգամ դռներն են բացել հանդիսատեսների առջև: Դահլիճում, ինչպես և բեմում պահպանվում են սոցիալական հեռավորություններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Առաջիններից մեկը բացվել է Բեռլինի օպերան: Սակայն Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» հնչել է ոչ թե թատրոնի շենքում, այլ՝ բացօթյա, հաստատության ավտոկանգատեղում և նախատեսված է եղել 175 հանդիսատեսի համար: Ասենք որ 4 ժամանաոց բեմադրությունը ներկայացվել է համառոտ տարբերակով, իսկ նվագախումբը կազմված է եղել 22 երաժիշտներից:

Բեռլինի օպերան կանոնավոր ցուցադրանքներին կվերադառնա օգոստոսի 31-ին: Թատերաշրջանի բացումը կկայանա Բեթհովենի սիմֆոնիաներով, իսկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Դանիել Բարենբոյմը: Առաջին օպերային բեմադրությունը հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերին: Կցուցադրվի Ռիխարդ Շտրաուսի մեկ գործողությամբ «Արիադնան Նաքսոսում» ստեղծագործությունը:

Դրեզդենի օպերային թատրոնը հանդիսատեսների համար իր դռները բացել է «Սկիզբ» խորհրդանշական անվանումը կրող ներկայացումների և համերգների շարքով: Այստեղ առաջինը ներկայացվել է Վերդիի «Դոն Կառլոս» օպերան, որը ցուցադրվել է 4 երեկո անընդմեջ: Գլխավոր պարտիան կատարել է Աննա Նետրեբկոն: Ասենք, որ այս ներկայացումը նույնպես կրճատվել է:

Ընդհանուր առմամբ այն տևել է մոտ մեկ ու կես ժամ, իսկ արտիստները, ինչպես և հանդիսատեսները պահպանել են սոցիալական հեռավորություն: Որպեսզի բոլոր ներկաներին վարակվելու վտանգից զերծ պահեն, դահլիճի առաջին 5 շարքերը ազատ են թողել, իսկ դահլճը հանդիսատեսներով զբաղված է եղել միայն մեկ քառորդով:

Բավարիայի օպերան իր հետկարանտինային մեկնարկն սկսել է անգլիացի կոմպոզիտոր Փիթեր Մաքսվել Դևիսի «Անխելք թագավորի 8 երգերը» մենաներկայացմամբ: Իսկ հիմնական թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 1-ին՝ 3 շաբաթ ավելի շուտ, քան դա սովորաբար արվում է:
Սեպտեմբերին աշխատանքները կվերսկսի նաև Համբուրգի պետական օպերան: Կորոնավիրուսի պատճառով փակված վարագույրը այստեղ կրկին կբացվի «Molto agitato» խորագիրը կրող համերգով, իսկ առաջին ներկայացումը թատրոնը կցուցադրի շատ ավելի ուշ՝ դեկտեմբերին: Դա կլինի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան, որը բեմադրել է ռեժիսոր Յեթթե Շթեքելը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 674 անգամ