Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր բալետի միջազգային օրն է

10.29.2020

Այսօր բալետի միջազգային օրն է: Այդ առթիվ Ռուսաստանի Մեծ թատրոնում նախապատրաստել են ներկայացումների առցանց հեռաձակումներ, որոնց ժամանակ հանդիսատեսին կներկայացվեն «Քնած գեղեցկուհին», «Կարապի լիճը», «Շչելկունշչիկ» և «Օնեգին» բեմադրությունների փորձերից հատվածներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մեծ թատրոնի մամլո ծառայությունը տոնական միջոցառումների այս ծրագիրը մեկնաբանելով նշել է, որ իրենց նպատակն է « համախմբել պարային հանրությանը փորձությունների հանդիման, որոնք բերել է «COVID-19»-ը: Մեկնաբանության մեջ նաև նշվում է, որ կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային բալետին: Չնայած այդ համգամանքին, համաճարակով պայմանավորված, նոր իրավիճակին հարմարվելու կանոնների կիրառմամբ, բալետի աշխարհն աստիճանաբար վերադառնում է դեպի բեմ:

Բալետի միջազգային օրը նշող մշակութային հաստատությունների մեջ առաջին անգամ հանդես կգա նաև Մարինյան թատրոնը:

Սանկտ-Պետերբուրգցի արտիստները այս տոնը կնշանավորեն ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ձևաչափերով:

Այսօր երեկոյան Մարինյան թատրոնի Պատմական բեմում կներկայացվի «Կորսար» բալետը, իսկ մինչ այդ, ցերեկվա ժամերին, առցանց ռեժիմով Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուրի Ֆատեևը կանցկացնի բալետին նվիրված վարպետաց դասեր, որից հետո կներկայացվեն «Բայադերկա» բեմադրության փորձերից հատվածներ:

Բացի այդ, առցանց տիրույթում կներկայացվի նաև «Երիտասարդ խորեոգրաֆների ստեղծագործական արվեստանոց» նախագծի վերջին 7 տարիներին հավաքված հետաքրքրական նյութերի ողջ հավաքածոն, որը միավորում է նոր տաղանդներ, պլաստիկ գաղափարներ փնտրող և փորձարարական ձգտումներ ունեցող բեմադրիչներին:

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին բալետի միջազգային օրը նշվում է աշխարհի բոլոր խոշոր բալետային թատերախմբերի կողմից:

Առաջին անգամ, 6 տարի առաջ, այսպիսի տոնակատարությունը նշել են Քովենթ-Գարդեն արքայական թատրոնում: Այդ նախաձեռնությանը առաջինը արձագանքել են Ռուսաստանի Մեծ թատրոնը, Ավստրալիայի բալետը, Կանադայի ազգային բալետը և Շվեդիայի արքայական բալետը: Այս տարի բեմարվեստի այս ժանրի առաջատարներին է միացել նաև Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1214 անգամ