Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ բարենպաստ պայմանները թատրոնը հաղթահարեց պրագմատիկորեն

11.03.2020

Հարգելի ընթերցող, այսուհետ «Թագլուրը» կաշխատի ձեզ մատուցել նաև այնպիսի տեղեկատվություն, որը անդրադառնում է պատերազմական իրավիճակում այլոց թատրոնների, ընդհանրապես մշակույթի ոլորտի գործունեության կազմակերպմանը: Շնորհակալ կլինենք, եթե հեռու կամ մոտ անցյալի պատերազմական իրավիճակներում արձանագրված փաստագրական թեմատիկ նյութեր, կամ դրանց աղբյուրների մասին տեղեկություն ստանանք նաև ձեզնից:



Արխանգելսկի մարզի Կոտլասկ քաղաքի թատրոնը իր գործունեության 5-ամյակը բոլորեց Ռուսաստանի վրա հիտլերյան զորքերի հարձակման օրերին: Պատերազմն սկսվելուն պես հրապարակվեց թատրոնի ղեկավարության հրամանը թատրոնի 3 աշխատակիցների բանակ զորակոչելու մասին: Այդպիսի հրամաններն այս թատրոնին պիտի ուղեկցեին ողջ պատերազմի ընթացքում, թեև կոլեկտիվում քիչ չէր նաև ֆաշիստական զորքերի դեմ կամավոր կռվի մեկնողների թիվը:

Պատերազմը, որը ԽՍՀՄ-ում հայտարարվեց «Հայրենական», մշակույթի այլ ոլորտներին, այդ թվում նաև թատրոնին, ստիպեց արմատապես փոխել գործելաոճը:

Այդ դժվար ժամանակներում, երբ թատերախումբը շատ հեռու էր ամբողջական ստեղծագործական օրգանիզմ լինելուց, միևնույնն է, կոլեկտիվը փորձում էր պատրաստել և մատուցել լիարժեք ներկայացումներ, որոնք անմիջական կամ անուղղակի կապ կունենային հայրենիքին նվիրվելու, մարդկանց համախմբման, թշնամու նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու հետ:

Հատկանշական է, որ դժվարին կացությունը և ստեղծագործական կյանքի ոչ բարենպաստ պայմանները հաղթահարելու խնդիրը այս թատրոնը լուծեց շատ պրագմատիկ եղանակով: Որոշվեց այդուհետ պատրաստել մեկ գործողությամբ բեմադրություններ՝ նվիրված հակաֆաշիստական պայքարին և հայրենիքի պաշտպանությանը:

Թատրոնի գործունեության հատկանշական պահերից մեկն էլ այն էր, որ այս կոլեկտիվը միացավ երկրի պաշտպանության հիմնադրամին ֆինանսական փոխանցումներ կատարելու շարժմանը: Ընդ որում բացի առանձին զոհաբերություններից, գավառային այս թատրոնը հանգստյան օրերին կազմակերպված ներկայացումների շնորհիվ, պատերազմից 2-3 ամիս անց, ծանրակշիռ դրամական ներդրում կատարեց նաև «Սովետական արտիստ», ապա նաև «Արխանգելսկի Կոլտնտեսական» տանկային շարասյունները ստեղծելու գործում:

Հետագայում էլ, պատերազմի ողջ ընթացքում, այս գավառային փոքրիկ թատրոնի յուրաքանչյուր նոր ներկայացում դարձավ ողջ գործունեությունը ի շահ ռազմաճակատի ու հաղթանակի կազմակերպելու հիանալի օրինակներից մեկը Ռուսաստանում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 672 անգամ