Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր Ամանոր և սուրբ ծնունդ

12.30.2020

Ամանորը կառուցված է հին և նոր տարիներից: Այսինքն հեռացող և եկող, նոր տարիներից: Լինում է այնպես, որ հին ու նոր տարիների մեջ հանդիպում են մեծ տարբերություններ: Ասենք, դրանցից մեկի մեջ կանաչն է գերակշռում, մյուսի մեջ դեղինը:

Իսկ եթե այդ հարցը դիտարկենք պատմական կտրվածքով, ապա, դժվար չէ համոզվել, որ, օրինակ, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 301թ-ն առավել ամուր վավերանությամբ է օժտված, քան նրան հաջորդած 302թ.ն, կամ 451թ-ն Ավարայրի հերոսականությամբ ուղղակի անհամեմատելի է իրեն հաջորդած 452թ.-ի հետ, նույն տրամաբանությամբ էլ 1918թ.-ի Սարդարապատի ոգեղենությունը զուգահեռներ չունի ոչ միայն դրան հաջորդած 1919-ի, այլև, ընդհանրապես, մյուս բոլոր նախորդ ու հաջորդ թվերի հետ և այլն:

Լինում է նաև այնպես, որ հին ու նոր տարիները միմյանցից գրեթե չեն տարբերվում:

Բայց հաստատ է մի բան. ինչպիսի բովանդակությամբ էլ լցվեն միմյանց հաջորդող տարիները, հնից նորին անցումը պարտադիր է և անբեկանելի: Դա է բնության և Աստծո օրենքը ...

Այդ տրամաբանությամբ ակնհայտ է ժամանակակից հայի վերաբերմունքը 2020թ-ի և, ակնկալիքները՝ 2021թ-ի նկատմամբ:

2020թ-ն հայի համար դարձավ սգի տարի:

Հայի տխուր աչքերը փնտրում են հեռանկար: Հորիզոնի մոտ, թե դրանից էլ անդին, անշուշտ, կա նրան սպասող մի լուսավոր հայրենիք, սակայն դրան հասցնող ճանապարհը, իսկ գուցե և նեղլիկ արահետը, փախս է ընկնում ու խճճվում հազարամյակների ու դարերի կեռմաններում և հանկարծ, կրկին, Կաթնաղբյուրից սկիզբ առնող ժրաջան առվակի պես ցայտում ու ցատկոտում նոր ժամանակների մեջ:

Հիմա արդեն 2021թվականի մեջ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:


Կհանդիպենք Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից հետո՝ հին նոր տարվա հաջորդ օրը՝ 2021թ.-ի հունվարի 14-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 714 անգամ