Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջրածնային ռումբի հեղինակը, Խաղաղության նոբելյան մրցանակակիրը` օպերայի հերոս

04.29.2022

Ռուսաստանի մայրաքաղաքում հրատապ երաժշտության SOUND UP փառատոնը, «Պրակտիկա» և Բրուսնիկինի արվեստանոց թատրոնները համատեղ նախապատրաստում են խորհրդային հայտնի այլախոհ, ֆիզիկոս, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի մասին պատմող «Ասկետը» վավերագրական օպերայի բեմադրությունը (կոմպոզիտոր՝ Նիկոլայ Պոպով ՝)։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «oteatre.info․֊ին։

Անդրեյ Սախարովի անունը 20֊րդ դարի տարեգրության մեջ գրանցվել է երկու անգամ, նշված է նախագծի մամլո հաղորդագրության մեջ։ Նա գիտության պատմության մեջ է մտել, որպես ջրածնային զենքի հեղինակ, իսկ քաղաքական պատմության մեջ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան։

«Պատկերացրեք, որ մարդկային գիտակցությունը, տրամաբանական մտորումների բազմազանությունը, զգացմունքները և զգայությունները վերածվել են մուլտիմեդիական պարտիտուրայի»,֊ ներկայացրել է օպերայի սկզբունքային մեկնակետը բեմադրող ռեժիսոր Յուրի Կվյատկովսկին։ Ըստ նրա իրենց հետաքրքիր է, թե ինչի՞ մասին է մտածել և սեփական երևակայության տիեզերքի ինչպիսի անկյուններում է հայտնվել ակադեմիկոս Սախարովը․․․

«Ասկետ» օպերան չի վերապատմում Սախարովի կենսագրությունը։ Այն օգնում է իմաստավորել գիտության մարդու «ողբերգական նախատիպը», որը մտասևեռված է գոյության իմաստի հանելուկներով։

Փոխադրելով բազմաթիվ տիեզերքների գոյության վերաբերյալ Սախարովի միտքը արվեստի այլակերպության տիրույթ, բեմադրության հեղինակները կառուցել են բազմաչափ բեմական նախագիծ, որի մեջ համադրվում են վավերագրական թատրոնի, օպերայի և միստերիայի գծերը։

Ֆիզիկոսի կյանքի փաստերը միահյուսվում են աստվածաշնչյան սյուժեներին, անտիկ առասպելներին և հոգևորական Ջորդանո Բրունոյի պատմությանը, որը տիեզերքի կառուցվածքի մասին գիտական հեղափոխական գաղափարների պատճառով դարձավ ինկվիզիցիայի զոհ։

Օպերան կազմված է աստվածաշնչյան ենթատեքստ ակնարկող 7 մասից։ Բեմադրության ավարտին տիեզերքով և նրա գաղտնիքներով կլանված հերոսը հայտնվում է եվրոպական մշակույթի և փիլիսոփայության զրոյական կետում անտիկ ժամանակաշրջանի ողբերգության տիրույթում, որի ամբողջական շրջապտույտը Հիսուսից մինչև Բրունո, Բրունոյից մինև Ասկետ անվերջ կրկնվելու Է դատապարտված։

«Տիեզերքի իմացությունն իր բոլոր դրսևորումներով՝ բարոյագիտական հարցերից մինչև տիեզերական հիմնախնդիրներ, կյանքին տալիս է բարձր ողբերգականության դիմագիծ»,֊ ասում է պիեսի հեղինակ Միխայիլ Դեգտարյովը։ Դրամատուրգի կարծիքով դրա իմաստն այն է, որ ճշմարտության որոնումը երբեք չի ավարտվում և միշտ շատ սուր է ընդունվում մարդկանց կողմից՝ անկախ թե որ ժամանակաշրջանի մարդկանց է դա վերաբերվում։

Դրամատուրգը նշում է, որ «Ասկետը» ստեղծագործության մեջ իրենք հետազոտում են այդ ողբերգական նախատիպը մեծ գիտնականի և հասարակական գործչի, նրա գաղափարների և դրանց հետևանքների պրիզմայի միջով։

Ավելացնենք, որ օպերայի պրեմիերան կկայանա մայիսի 31֊ին, Մոսկվայի թանգարանում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 380 անգամ