Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գովաբանում էին թե հանդիսատեսները և թե թատերական քննադատները

05.18.2022

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը իրականացնում է մի նախագիծ, որի շրջանակներում ցուցադրվում են տասնամյակներ առաջ այս թատրոնում բեմադրված լեգենդար ներկայացումների տեսագրությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնն այդ նախագիծը իրականացնում է Վավերագրական կինոյի կենտրոնի հետ և առաջիկայում անցյալի նշանավոր ռեժիսորների ու դերասանների ստեղծագործությունների հետահայաց ցուցադրության առարկան կլինի 1973թ․֊ի հոկտեմբերի 10֊ի «Սովրեմեննիկում» բեմ բարձրացված «Բալալայկինը և Կ°» ներկայացումը՝ Գեոերգի Տովստոնոգովի բեմադրությամբ, ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի, ռուսական դասական գրականության խոշոր դեմքերից մեկի՝ Սալտիկով֊Շչեդրինի «Ժամանակակից իդիլիա» վեպի մոտիվներով։

«Բալալայկինը և Կ°» բեմադրությունը մեկ ստեղծագործական տիրույթում է համախմբել նաև այսօր արդեն ռուսաստանյան բեմի պատմություն մտած դերասանական խմբի՝ Վալենտին Գաֆտին, Օլեգ Տաբակովին, Անդրեյ Մյագկովին, Իգոր Կվաշային Նինա Դորոշինային և նրանց ժամանակակից այլ դերասանների։

Գեորգի Տովստոնոգովի այս բեմադրությունը իրապատում երգիծանքի օրինակ է, որին զարմանալիորեն համադրվել է խոր հոգեվերլուծությունը։ Հեղինակն այստեղ կարևորել է մարդու հոգեբանության տրանսֆորմացիայի բացահայտումը, այն անհատականության վրա ուշադրության բևեռումը, որը փոփոխվում է վախի, ստի ու շահամոլության ազդեցությամբ։

Այս ներկայացումը 20-րդ դարի 70֊ականներին հսկայական հաջողության հասավ։ Այն գովաբանում էին թե հանդիսատեսները և թե թատերական քննադատները; Հատկապես առանձնացվում էր դերասանների բարձր վարպետությունն ու խաղը։

Ասենք, որ նախագծի շրջանակներում ,Սովրեմեննիկում» ցուցադրվել է արդեն «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1984թ․, ռեժիսոր՝ Վալերի Ֆոկին) ներկայացումը։ Իսկ առաջիկա ծրագրերում նախատեսվում է դրամատուրգ Միխայիլ Ռոշչինի «Էշելոոն» (1975թ․) պիեսի բեմադրության տեսագրությունը՝ Գալինա Վոլչեկի և Իոսիֆ Ռայխելգաուզի բեմադրությամբ և դրամատուրգ Վիկտոր Ռոզովի «Հավերժ ողջերը»(1976թ․) ներկայացումը, որով սկսվել է «Սովրեմեննիկ» թատրոնի պատմությունը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 412 անգամ