Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2023 թ․֊ն՝ յուրահատկությունն ամրապնդելու տարի․․․

12.30.2022

Երբ մենք պարտվեցինք ու հայտնվեցինք օտար նվաճողների տիրապետության ու քմհաճույքների ներքո, փորձեցինք հարմարվել նրանց բոլոր պայմաններին, որոնք կանխագծում էին մեր ինքնության և մարդկային իրավունքների սահմանափակումները։ Օրինակ, շոյվում էինք բազմաթիվ այլ երկրների հետ նաև Հայաստանը կլանած Օսմանյան կայսրությունում թղթադրամների արժեքը նշող չորս լեզուներից մեկի՝ մեսրոպատառ հայերենի, տերը լինելու փաստից․ բայց լռելյայն կուլ գնում սուր կրելու կամ ձի հեծնելու արգելքին։

Այդ խոնարհ հնազանդությունը, տիրող պետական համակարգերի փոփոխություններին զուգահեռ, ժամանակի ընթացքում, միակողմանի զիջումներով այնքան տրանսֆորմացվեց, որ գոյատևման թույլտվության պայմանները նույնպես ստացան իրավազուրկ ստրուկին ուղղված մետամորֆոզային դրսևորումներ և, ի վերջո, հայ մարդու մեջ հանգեցրին հայրենի հողի և գոյատևման հակադրությանը։

Հայերի հայրենիքը նվաճողների դարերով իրագործած հնազանդեցման գործողությունների վերջնարդյունքն, իրական ժամանակում, առավել պարզ դիտարկելի է մեր օրերում։ Հայրենիքում օտար տիրապետողների դարավոր և հարատև փոփոխվող պահանջներին ու պայմաններին հարմարվելու հայկական ֆենոմենը հանգեցրել է այն իրողության, որ սեփական գոյատևման դիմաց հայը օրինաչափ է համարում վճարել հայրենի հողով՝ Կարսով, Վանով, Անիով, Արարատ լեռով, Նախիջևանով, Դաշտային Արցախով, Գարդմանքով, Ուտիքով, Փարուխ գյուղով, Շուշիով, Մուսա լեռով, Զեյթունով և այլն․․․

Ուրեմն․ նվաճողների հետ հարաբերությունների մոտավորապես այսպիսի պատմական հետագիծ ունեցող ազգին ինչպիսի՞ մշակութաբանական նախապայմաններ ու թիրախներ կարող է պատվիրակել արարիչը։ Սա հարց է, որի պատասխանը ծանրանում է ոչ միայն պետական, այլև ազատ և անկախ ստեղծագործական տիրույթի մարդկանց ուսերին։ Մենք նաև պետք է հասկանանք ու վարժվենք, որ պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունը հիմնականում ունի կոնյուկտուրային ազդակներ, իսկ պետականորեն սնող աղբյուրներից չօգտվողներին գնահատողն ու կենսունակություն ապահովողը հանրային տիրույթն է, որտեղ պետության մասնակցությունը ճիշտ կլիներ, եթէ թույլատրելի դառնար միայն առանց որևէ նախապայմանի, զուտ սոցիալական գործընկերության կամ բարեգործության վարքականոնով սահմանվող (անոնիմ մնալու) սկզբունքով։ Կլինե՞ն Հայաստանում այդպիսի խիզախում ունեցող անհատներ և հանրային բարոյականության մթնոլորտ, ուրեմն՝ Հայաստանը կունենա ազատ մշակութաստեղծ տիրույթ, չե՞ն լինի, ուրեմն ազգային ստեղծագործական էներգիան կշարունակի երեսը թեքած նայել միայն պետական կոնյուկտուրայով պատվիրակումներին։

Հայաստանը 2023 թվական է մուտք գործում բազում հիմնախնդիրներով, որոնց մեջ մշակույթի բաղադրիչը առկա է իր առջև ծառացած բազմաթիվ հարցականներով։ Փառք Աստծո, հասկացել ենք որ սոցռեալիզմը անցյալի կոնյուկտուրայի դրսևորում է։ Սակայն նաև միշտ իմացել ենք, որ գրականության, թատրոնի, երաժշտության, նկարչության, քանդակի, ճարտարապետության և արվեստի այլ ոլորտներում սոցռեալիզմի կողքին եղել են նաև պետության կողմից գնահատված, իսկ առավել հաճախ անտեսված ստեղծագործողներ, սակայն այդպես էլ չենք կարողացել գտնել արվեստի և մշակույթի պահպանման և զարգացման այն մակարդակը, որը տրված է պետականություն ունեցող, ինքնիշխան և ազատ ազգին։

Հայաստանի առջև, ամենալայն հասկացությամբ, մշակութային ազգի վերածվելու խնդիր կա, որը պետք է լուծեն Հայաստանը և հայ մարդը, և դա կարող է միայն իրականանալ ներկա դժվար ու սպառնալիքներով լի ժամանակաշրջանում, քանի որ հենց այդ ժամանակաշրջանին է տրվել շանսը վերականգնելու ինքնիշխան պետականությունը։

Թող 2023 թ․֊ն պետական և հատկապես ազգային մշակութաբանական տարածք մտնի որպես Հայաստանի շուրջ հայ ժողովրդի և հայկականության ամբողջացման, ինքնիշխանության և ազգային յուրահատկությունն ամրապնդման տարի․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

2023 թ․֊ն՝ յուրահատկությունն ամրապնդելու տարի․․․
«Թագլուր»


«Թագլուրը» աշխատանքը կվերսկսի 2023 թ֊ի հունվարի 16-ին (երկուշաբթի)


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 577 անգամ