Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել 400 տարի շարունակ կորած համարվող ձեռագրի պատճենը

01.23.2014

Հայտնի դրամատուրգ Լոպե դե Վեգայի գրչին պատկանող, նախկինում չհրապարակված պիեսի պատճենն է հայտնաբերվել Նրա հայրենիքում՝ Իսպանիայում, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նորությունների իսպանական «El Mundo» պարբերականին:

Պիեսը, որ հայտնաբերել է ԱՄՆ-ի Սիրակուզայի պետական համալսարանի հետազոտող Ալեխանդրո Գարսիա Ռաիդին, ունի «Կանայք և ծառաները» վերնագիրը:

Ստեղծագործությունը պատմում է Մադրիդում ապրող երկու քույրերի և նրանց սպասուհու մասին: Համարվում էր, որ այս պիեսը, որի մասին հիշատակությունները վերագրվում են 1613-1614թթ.-երին, կորել էր մոտ 400 տարի առաջ:

Ձեռագիրն ունի 56 էջ, գրված է 17-րդ դարի ձեռագրով: Ենթադրվում է, որ արտագրողը եղել է դրամատուրգ և բեմադրիչ Պեդրո Վալդեսը: Ձեռագիրը հայտնաբերվել է Մադրիդի Ազգային գրադարանում: Ըստ նկարագրության, այդ արխիվային միավորը գրադարանի ֆոնդերում հայտնվել է 1886թ.-ին՝ հերցոգ Օսունի արխիվների հետ միասին:

Նշենք, որ պլանավորվում է այս թատերգությունը հրատարակել ինչպես թղթի վրա, այնպես էլ օնլայն՝ «Biblioteca Digital Hispanica» կայքում: Բացի այդ իսպանական թատերգության ոսկեդարի մեջ մասնագիտացած «Siglo de Oro (Rakata)» թատրոնը հայտարարել է, որ կիրականացնեն ստեղծագործության ընթերցում, իսկ հետո նաև կպատրաստեն բեմադրությունը:
Լոպե դե Վեգան, ով աշխատել է Մադրիդում 16-րդ դարի 2-րդ կեսին և 17-րդ դարի սկզբներին, եղել է շատ բեղմմնավոր հեղինակ: Հայտնի է, որ նա գրել է ավելի քան 2 հազար պիես, որոնցից մեր օրեր են հասել միայն դրա ¼-ը: Գրողի առավել հայտնի ստեղծագործություններից այսօր «Պարտիզպանի շունը», «Ֆուենտե Օվեխունա»-ն և այլն:
    Դիտվել է 1125 անգամ