Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միզանսցենները մշակելիս կորցրել են ընդհանուր պատկերը

02.28.2023


Նախօրեին, փետրվարի 27֊ին, Լատվիայի մայրաքաղաքի Նոր Ռիգայի թատրոնում նախատեսված «Gogolis. Nature Morte» բեմադրության գլխավոր փորձը և հաջորդ օրը կայանալիք պրեմիերան չեղարկվել են, չեղյալ են համարվել նաև մարտ և ապրիլ ամիսներին ծրագրված բոլոր ցուցադրությունները։ Վաճառված տոմսերի գումարները վերադարձվում են հանդիսատեսներին։ Այդ մասին թատրոնի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «tagglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Ռեժիսոր Ուլդիս Տիրոնսը ըստ Նիկոլայ Գոգոլի պատրաստած իր բեմադրության չեղարկումը բացատրել է այն հանգամանքով, որ երկար ժամանակ արտիստների հետ հղկում էին միզանսցենները և մանրամասները, սակայն արդյունքում կորցրել են ընդհանուր պատկերը։

Արտիստներից մեկը՝ Գունդարաս Աբոլինիշը իրենց ձախողումը բացատրել է այն պատճառաբանությամբ, որ «Տիրոնսը անցկացրել է մեծ մշակութաբանական֊պատմական հետազոտություն Նիկոլայ Գոգոլի և նրա հայրենիքի՝ Մալոռոսսիայի (Միրգորոդ և այլն֊ի) վերաբերյալ, բայց իրենց չի հաջողվել այդ տեղեկությունները կյանքի կոչել։ Նա կոչ է արել ռեժիսորին չմեղադրել։ «Նույնիսկ ինքը՝ Գոգոլը մահից մի կարճ ժամանակ առաջ այրել է «Մեռած հոգիների» երկրորդ մասը։ Ստեղծագործական անհատականությունների կյանքում այդպիսի օրինակները քիչ չեն»,֊ հայտարարել է դերասանը;

Ասենք, որ այս բեմադրության մեջ ընդգրկված էր նաև Ռուսաստանից Լատվիա տեղափոխված արտիստուհի Չուլպան Խամատովան։ Դերասանուհին, Աբոլինիշի վկայությամբ, իր դերը պատրաստել էր երեք լեզուներով՝ լատիշերեն, ուկրաիներեն և ռուսերեն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 498 անգամ